Վանական վարդապետի հետքերով. Արցախ այցելեցին Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները
Հուլիսի 24-25-ին Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն Արցախում էին: Տավուշի բոլոր շրջաններից շուրջ 50 ուսուցիչներ թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և իրենց տարածաշրջանների հոգևոր հովիվների առաջնորդությամբ ուխտավորաբար այցելեցին Գանձասար, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի և Դադիվանք: Ստեփանակերտում ուսուցիչները հյուրընկալվեցին Արցախի թեմի առաջնորդարանում` ստանալով թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը:
Բագրատ Սրբազանի խոսքերով՝ կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները պարզապես «դաս տվողներ» չեն կարող լինել. նրանք մարդ ստեղծողներ ու կերտողներ են՝ կոչված մարդկանց կյանքերը փոխելու. «Արցախյան ամբողջ ազատամարտը հոգու պայքար ու ազատամարտ էր, ոչ թե սոսկ հողային տարածք ազատագրելու կռիվ: Եվ եթե հոգին իշխող ու առաջնային, գրավող ու ազատագրող չլիներ, հաղթանակ չէր լինի: Այսօր դուք այսօրվա սերնդին այդ հոգու հաղթանակի, ինքնության, հայրենատեր լինելու զգացումը փոխանցելու մեծ առաքելությունն ունեք»:
Տավուշցիների ներկայությունն Արցախում հատկապես այս օրերին շատ խորհրդանշական էր, քանի որ նշվում է Գանձասարի վանքի օծման 777-ամյակը. 1240թ. հենց նույն օրերին Գանձասարի օծմանը դրա կառուցող Ներքին Խաչենի իշխան Հասան-Ջալալի հրավերով Արցախ ժամանած պատվավոր հյուրերի շարքում էր նաև խոշոր աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, պատմագիր ու մանկավարժ Վանական վարդապետ Տավուշեցին՝ Խորանաշատի վարդապետարանի հիմնադիրը: Ուսուցիչների այս այցելությունն ասես նրա հետևից գնալ էր իր ճանապարհով՝ մեծ վարդապետի առաքելությանը հավատարիմ մնալու ու նրա ժառանգությանը արժանի լինելու աղոթքով ու մաղթանքով. «Թող մենք էլ գնանք իր հետքերով, և թող մեր ոտնահետքերը իր ոտնահետքերից փոքր չլինեն…»: