Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և գնա․ Բագրատ Սրբազանի քարոզը

Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և գնա․․․ Այդ չորս հոգին էին, որ անդամալույծին բժշկության առաջնորդեցին։ Այդ մարդն անդամալույծ էր ու ինքն իրեն չէր կարող շարժվել և կարիքն ուներ մարդկանց, որոնք կբարձրացնեին նրան, կտանեին, և դա դեռ բավարար չէ՝ առաստաղից էլ կիջեցնեին վար։ Սա է համայնքի, համայնքային կյանքի ուժը, կարողությունը, ամբողջ էությունն ու բովանդակությունը։

․․․ 21-րդ դարը, վստահաբար, մարդու ինքնասպանության ժամանակն է։ Ամբողջ գաղափարաբանությունը միտված է սրան՝ նոր մարդ ստեղծելու՝ տեխնոլոգիապես զինված, բոլոր տեսակի տեխնոկրատական չափանիշներն ունեցող մարդ ստեղծելու՝ զրկելով մարդուն մարդ լինելու էությունից։ Տեխնոլոգիական զարգացումը մարդուն մարդ չի դարձնելու, լավագույն դեպքում՝ կյանքի բարելավված պայմաններ ապահովի, սակայն դա չի բնորոշելու իր մարդ լինելը։

Եկեղեցին երբեք դեմ չէ տեխնոլոգիական զարգացումներին։ Հակառակը՝ որքան զարգանում է գիտությունը, որքան զարգանում է տեխնոլոգիան, այնքան փաստվում է Աստծո գոյությունը, Աստծո ներկայությունը, Աստծո մասին մեր խոսքի ճշմարտացիությունը։ Գիտության և հավատքի միջև բախում բացարձակ գոյություն չունի։ Մեկը՝ գիտությունը՝ ձգտում է դեպի արարչագործությունը, մյուսը՝ դեպի Արարիչը։ Եվ այստեղ ոչ թե բախում գոյություն ունի, այլ՝ լրացում։ Գիտության և հավատքի կատարյալ միությունն է ստեղծում մարդուն։

Եվ մենք այսօր, կարծելով, թե ամենամեծ բանն ենք անում, փորձում ենք տեխնիկական զինվածությամբ էակ պատրաստել, որը կարող է վերածվել ռոբոտի։ Որևէ մեկը կարո՞ղ է ապրել առանց մարդու հանդեպ զգացումի, առանց սիրո ապրումի, առանց անգամ ատելության ապրումի, առանց բոլոր այն հարաբերությունների, որ մարդկանց միջև հաստատված են այս համայնքի կյանքում։ Կարո՞ղ է մարդ այդպես ապրել։

Սա, իհարկե, երբեք չի նշանակում թերագնահատել ո՛չ գիտությունը, ո՛չ գիտական նվաճումները, ո՛չ էլ՝ տեխնոլոգիական այս մեծ առաջընթացը, որոնք իրենք էլ դարձյալ աստվածային շնորհ են, որովհետև տրված են մարդու բանականության միջոցով, և այդ բանականության կայծը աստվածային կայծ է։

․․․ Առանց հոգևոր բժշկության գոյություն չունի մարմնավոր բժշկություն։ Մարմնավոր ասելով՝ ի նկատի ունեմ մեր ամբողջ կյանքն իր բոլոր հարաբերություններով՝ թե՛ մեր զանազան տեսակի հիվանդություններով, և թե՛ մեր այն հիվանդություններով, որոնցով մենք կապանքված ենք մեր հարաբերությունների մեջ՝ եսասիրության պատրանքներով, մարդկանց կյանքը ձախողելու պատրանքներով, վնասելու, չարություն անելու, բամբասելու՝ երբ մեր լեզումները մեր մտքերից առաջ են այլևս, որոշելու, որ իրավունք ունենք ուրիշի կյանքի մեջ որոշակի մասնակցություն ունենալ, որի կարիքը ոչ ոք չի զգում և ոչ ոք էլ չի հրավիրել իրենց կյանքում մասնակից լինել, հերոսանալու մի տեղում, որի անհրաժեշտությունը բացարձակ չկա, փորձելու փրկել մեկին, որը փրկության կարիքը չունի․ մի խոսքով՝ պարտադրելու ինքներս մեզ՝ մեր բոլոր աշխարհային կապանքներով՝ փչացնելով թե՛ մեր և թե՛ ուրիշի կյանքը։

Առանց հոգևոր փոփոխության, առանց հավատքի ջերմության, առանց ինքնաքննության ոչ ոք չի կարող իր մահիճը վերցնել և քայլել՝ այն մահիճը, որի ստեղծողն ինքն է և որի մեջ ինքը գտնվում է։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »