Հաղարծնի շաբաթ. «Տավուշի թեմը վերջին 2 տարիների ընթացքում մագնիսի պես իրեն է ձգում մեր ժողովրդի զավակներին» Երվանդ Երկանյան, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Առհասարակ, երբ ես ոտք եմ դնում Հաղարծնի վանք, յուրահատուկ զգացումներ եմ ունենում: Այնքան ներդաշնակ է, բնության մի կարևոր անբաժան մասն է կազմում մեր վանքը, որ ուղղակի մարդուն կտրում է առօրյայից, բարձրացնում է վեր, որտեղ բացի հոգևոր բարձր վայելքից ուրիշ զգացողություն ունենալ բնականաբար հնարավոր չէ:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ եկեղեցում հնչում է մեր դարավոր երաժշտությունը, երգը, շարականները, պատարագի երգեցողությունից հատվածներ, սա կատարյալ է դարձնում բնության հետ մերձեցումը, մեզ վերստին տանում է հազարամյակների այն հոգևոր հարստության շտեմարանները, որից մի ամբողջական ժողովուրդ արդեն հազարավոր տարիներ կարողացել է իր հոգևոր սնունդը ստանալ և դրանով նորերն արարել:
Այսօր ինձ համար բացառիկ օրերից մեկն էր: Տավուշի թեմը վերջին 2 տարիների ընթացքում մագնիսի պես իրեն է ձգում մեր ժողովրդի զավակներին: