ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆ ՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Տավուշ աշխարհի սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ, կրթական մշակներ,
Աստծով օրհնված այս պայծառ և լուսավոր աառավոտյան ողջո՜ւյն ձեզ և օրհնություն ուսումնական տարվա առաջին օրվա առիթով:
Դարձյալ եռում է կյանքը Տավուշ աշխարհում ուսումնական տարվա սկզբի ուրախությամբ: Թող այսօրվա տոնական, սպասելիքներով, հույսով ու սիրով լցված օրը ուղեկցի ձեզ ողջ տարվա ընթացքում՝ ամեն օրը վերածելով նոր ձեռքբերումների, նոր որակների և հմտությունների զարգացման ու կրթական անբասիր միջավայրի ստեղծման աննվազ ժամանակահատվածի:
Հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ կրթությունն ու ուսումնառությունը թե’ պատմականորեն և թե՛ ներկայիս բնական ձգտում է, որտեղ սահմանային անվտանգությունն ու անհանգստությունը փորձում են խաթարել մեր բնականոն կյանքը՝ մեզ համար էլ ավելի մեծ պատասխանատվություն է զորացնել ու զարգացնել մեր կրթական կյանքը թե՛ հավաքական և թե՛ անձնական ճիգերով ու ջանքերով՝ խավարը վերածելով լույսի, ծուլությունը՝ աշխատանքի, խնդիրը՝ հնարավորության, անհուսությունը՝ հույսի, դժկամությունը՝ սիրո, միշտ գիտության ու կրթության բարձրունքներին ձգտող իսկատիպ տավուշեցու՝ Հույսի Աշխարհի, նկարագրին համարժեք:
Շնորհավորում եմ բոլորիս ու բոլորիդ, մաղթելով անսպառ եռանդ, արթուն միտք, անսասան հավատք, անհատնում համբերություն և ծովացող սեր ողջ ուսումնական տարվա ընթացքում:
Աստված օրհնի ձեր ընթացքը
սիրով և աղոթքով
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան