Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի առաջնորդի շնորհավորանքն ու հայրական օրհնությունը Տավուշի մարզի 2015-2016 ուս.տարվա շրջանավարտներին:

Մեծ սիրով և օրհնությամբ ողջունում և շնորհավորում եմ ձեզ այս կարևոր հանգրվանի՝ դպրոցական շրջանն ավարտելու առիթով: Ավարտելով այս շրջանը, զինված զանազան գիտելիքներով և հմտություններով դուք գտնվում եք մեծագույն դպրոց մուտք գործելու նախաշեմին: Ներգրավվելու եք կյանքի զանազան ասպարեզներում՝ ոմանք շարունակելու են իրենց կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, ոմանք ընտրելու են այլ բնագավառներ: Ինչպիսին էլ լինի ձեր ընտրությունը ձգտեք լավագույնին և բարձրագույնին, լինելու օրինապաշտ և արդարասեր քաղաքացիներ, նվիրյալ անձինք մեր Հայրենիքին, պետականությանը և սուրբ Եկեղեցուն: Ապրեք մեծ երազների ու տեսիլքների իրականացման նախանձախնդրությամբ, մի վախեցեք սխալվելուց և սակայն դրանք սրբագրելուց: Կյանքը գեղեցիկ է հենց այսպիսի վերի վայրումներով և դրանցից բխած իրագործումներով: Դուք ազատության մեջ ծնված սերունդ եք և արժևորեք ձեր կյանքը ազատությանն ու ազատագրվածին արժանի ու վայել գործերով: Հերոսությունն ու սխրանքը թող լինեն ձեր մշտական ընկերն ու բարեկամը, որովհետև երիտասրդության տարիները ոչ միայն հաճույքի, այլև հերոսության համար են: Եվ դուք ու ձեր սերնդակիցները փաստել եք դա և շատ հաճախ կյանքի գնով:
Հետևորդներն ու աշակերտները դարձեք մեր մեծագույն Տավուշեցի հայրերի Մխիթար Գոշի, Վանական վարդապետի, Կիրակոս Գանձակեցու, Խաչատուր Տարոնացու, Սահակ Ձորափորեցու, Վարդան Արևելցու, Գրիգոր վարդապետ Մանուչարյանի, մերօրյա և բոլոր ժամանակների հոգու, գրչի և ռազմի հերոսների:
Մանավանդ դո՛ւք, ապրելով Հայրենիքի Դարպասների՝ մեր սքանչելի և սահմանպահ Տավուշ աշխարհում, շատ հաճախ գտնվելով կյանքի և մահվան սահմանագծում, երբեք չընկրկելով յուրահատուկ պատանեկան տարիներ եք ունեցել կոփելով ձեր կամքը, սնելով ձեր հավատքը և ամրացնելով ձեր նվիրումը մեր անանցանելի արժեքների հանդեպ՝ Աստծուն, Հայրենիքին և Ազգին:
Սիրելիներ,
Շնորհավորելով հանդերձ իմ հորդորն ու հրավերն է ձեզ, որ ուր էլ գտնվեք, ինչպիսի հաջողություններ էլ արձանագրեք ձեր կյանքում, երբեք չմոռանաք վերադառնալ Տուն՝ մեր Աստվածանկար Տավուշ աշխարհ, մեր Հայրենիքի մի փառապանծ և հերոսական երկրամասը, որտեղ դուք ծնվել ու մեծացել եք, որի զովասուն բնաշխարհը, վանքերն ու հոգևոր ժառանգությունը գրկել ու գգվել են ձեզ, որտեղ դուք ձեր ընտանիքներից ժառանգել եք առաքինի հայի իսկատիպ նկարագիրը՝ մեղմությունը, քաջությունը, հյուրընկալությունը, հավատքի ջերմությունը, սիրո քաղցրությունը, քաջությունն ու հերոսության բնական ապրումը:
Աստված թող օրհնի ձեր կյանքի ընթացքը և պահպանի յուրաքանչյուր փորձանքից և վտանգից, երևելի և աներևույթ թշնամիներից:
Սիրով և օրհնությամբ՝
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Առաջնորդ Տավուշի թեմի

Նկարում Պառավաքար գյուղի դպրոցի շրջանավարտներն են:

Translate »