Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը մասնակցեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2016թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ  սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, որն ավանդաբար տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ:

Ամենայն հայոց կաթողիկոսը հայ եկեղեցու մեծագույն սրբություններով օրհնեց սրբալույս Մյուռոնը, որը բաշխվեց մեր եկեղեցու բոլոր թեմերին:

Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը: Մյուռոնօրհնությունից 40 օրեր առաջ մաքուր ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկվելով նրբահյուս շղարշով: Նշված օրերին երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հատուկ արարողություն` իբրև նախապատրաստություն առաջիկա Մյուռոնօրհնության:

Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի օրհնությունը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով այն օրհնում է մեր եկեղեցու ավանդական երեք սրբություններով` Տիրոջ խաչափայտի մասունքով Կենաց Խաչով, աստվածամուխ Ս. Գեղարդով և Ս. Գր. Լուսավորչի Աջով:

Հայոց Եկեղեցում Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից: Ըստ ազգային ավանդության` Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը: Հետագայում Ս. Գրիգորին երևացած տեսիլքի միջոցով Հայոց առաջին Հայրապետը գտնում է Ս. Թադեոսի թաղած սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին: Ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոր Մյուռոն է օրհնում, Լուսավորչավանդ հին Մյուռոնը խառնում է նորին, որպեսզի հնի մեջ պահպանվող Շնորհը փոխանցվի նոր Մյուռոնին:

Մեր եկեղեցում Մյուռոնով է կատարվում Ս. Դրոշմի խորհուրդը, քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները: Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. Խորանը և նրա վրայի Հիսուս մանկան հետ Տիրամոր նկարը, եկեղեցու սյուները և պատերը: Ամեն տարի` հունվարի 6-ին, Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուս վրա Ս. Հոգու էջքի:

Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում և այժմ էլ այս խորհրդով և հոգևոր բարձր գիտակցությամբ է առաջնորդվել և ապրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մշտաբաշխ օրհնության ներքո: Ս. Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ:

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը հոգևորականների գլխավորությամբ ուխտագնացության մեկնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին՝ մասնակցելու Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։

12003974 1464351330541468 6158909615849706295 n
« of 8 »
Translate »