Տավուշի թեմի Թեղուտ և Հաղարծին գյուղերում բացվեցին հերթական կիրակնօրյա դպրոցները
Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում մեկը մյուսի հետևից շարունակվում են բացվել կիրակնօրյա դպրոցներ՝ երեխաների քրիստոնեական դաստիարակության համար:
Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ և Հաղարծին գյուղերի կիրակնօրյա դպրոցների բացման հանդիսավոր արարողությունները, որին ներկա էին դպրոցների ուսուցչական և աշակերտական կազմերը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմի հոգևոր դասը՝ Փոխառաջնորդ Սամվել Վարդապետ Մխիթարյանն ու Հաղարծին վանական համալիրի վանահայր Հայր Արիստակեսը:
Դեռևս մեկ տարի չկա, ինչ Տավուշի թեմում կյանքի է կոչվում «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, բայց արդեն լայն արձագանք է գտել ու իր շուրջը հրավիրել մարզի աշակերտությանն ու ուսուցչությանը:
Կիրակնօրյա դպրոցների ծրագիրը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Տավուշի թեմի առաջնորդարանն է, ուղղված է Տավուշում հոգևոր կյանքի զարթոնքին: Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի համաձայն, կիրակնօրյա դպրոցների կյանքի կոչումը Տավուշում հոգևոր դաստիարակության կարևորագույն օղակն է: «Այս ծրագրի շնորհիվ Տավուշի թեմում այսուհետ դպրոցական կրթությունից զատ կարևոր ու առանցքային պետք է լինի նաև հոգևոր կրթությունը: Մենք պետք է տեսնենք քրիստոնեական կյանքով եռացող համայնքներ, քրիստոնեական շունչը պետք է մտնի Տավուշի յուրաքանչյուր շեն», – նշել է Սրբազանը: