Քրիստոսի արձանի կառուցումը մեր դավանանքին և ընկալումներին չի համապատասխանում. Բագրատ Սրբազան

«Քրիստոսի արձանի կառուցումը մեր դավանանքին և ընկալումներին չի համապատասխանում:Ես նպատակը չեմ հասկանում և այն որոշակի իմաստով ձևակերպված չէ։ Ինչու՞ հենց այս ժամանակահատվածում։ Ինչու՞ Քրիստոսի արձան։ Սրանք հարցեր են, որոնք կյանքի իրավունք ունեն, քանի որ նպատակն էլ հստակ չէ։ Եթե առաջին քրիստոնյա ազգ եք, ապա մենք շատ ավելի ուրիշ բաներ կարող ենք իրականացնել, այլ ոչ թե կենտրոնանալ այդ արձանի վրա։ Դա ուղղալի առաջնահերթություն չունի մեր կյանքում։
․․․Պատերազմն, ինքնին լինելով ողբերգություն և աղետ, նաև մեծ հնարավորություն էր մեզ համար մեր արժանապատվությունը հաստատելու և միջոցներ ձեռնարկելու, մեր իրավունքները պարտադրելու համար։
․․․Հոգևոր արժեքների շատ խորը ճգնաժամի մեջ ենք մենք ապրում, որը մեր 21-րդ դարի նկարագիրն է, մանավանդ՝ 44–օրվա պատերազմից հետո։ Տնտեսության զարգացումը շատ լավ է, բայց գերնպատակ և վերջնանպատակ, պաշտարմունքի հասնող դա չի կարող լինել։
Մեր Տերը ինքն է ասում` «ես եմ կենդանի հացը, ձեր հայրերը մանանան կերան անապատում, բայց մեռան»։ Այսինքն՝ մանանան՝ այդ հացը պիտանի է, ցանկալի, բայց դա կարևոր չի, մեռնող է դա։ Չի կարելի միայն այդ նպատակով կամ մղվածությամբ ապրել կյանքում։ Սա պարզ օրինակներից մեկն է․ մենք հայրենիքի հսկայական կորուստ ունենք, իսկ մեզ մատուցվում է ճանապարհներ, տնտեսական զարգացում, առևտուր։ Դա խոսում է արժեքների և հոգևոր ճգնաժամի մասին։
․․․Այսօրվա խնդիրը գաղափարական դաշտ ստեղծելն է, մենք կոչված ենք գաղափարների և արժեքների ճիշտ մատուցման։ Այսօր մեր իրականության մեջ քննարկումը կամ իրավիճակի վերլուծությունը մեծ մասամբ հայհոյանքների կամ փառաբանության տիրույթում են։ Դժբաղտաբար, պետական մակարդակով չի արվում գաղափարների վերլուծությունը և մաքրությունը, որպեսզի մարդկանց ուղղություն տրվի։ Պետք է ստեղծել գաղափարական դաշտ, արժեքների վերագնահատման մասին անընդհատ խոսել։
․․․Հոգևոր կրթության անհրաժեշտություն է՝ նոր որակի և նոր մտքերի, քանի որ պատերազմից հետո այլ կյանքում ենք, այլ իրավիճակում ենք։ Սա անշուշտ երկար ժամանակի հարց է, բայց Եկեղեցին միշտ երկար ժամանակի մասին է մտածել։
․․․Եկեղեցին իր ծոցում մշտական կրել է պետականության տեսիլքը՝ անկախ նրանից թե այս օրերին ինչ հարձակումներ են տեղի ունենում այն գաղափարի վրա, որ եկեղեցին պատճառ է եղել պետության քանդմանը՝ բերելով օրինակներ 4 –րդ, 11–րդ դարերից։ Խոսում են Պապ թագավորի, Պետրոս Գետադարձի մասին։ Բայց մի բան մոռանում են, որ այդ պետության տեսիլքը եկեղեցին կրել է իր ներսում և դրա բանաձևային իմաստով լավագույն արտահայտությունը 5–րդ դարում Սահակ Պարթև կաթողիկոսն է տալիս, ասելով` երբ նախարարները, իշխանական տները իրեն մոտեցան, որպեսզի արքային գահազուրկ անի և նրա տեղը ինչ–որ մի պարսիկին կարգի, Սահակ Պարթև կաթողիկոսն իր խոսքի ձեակերպումն այսպես տվեց` «ես իմ հիվանդ գառնուկին չեմ փոխի առողջ գայլի հետ, որի գոյությունը արդեն սպառնալիք է մեզ համար», և սա կրկնվում է նաև Կիլիկյան թագավորության ժամանակ։
Մենք միշտ ասել ենք հոգու և մարմնի հարաբերակցության մասին, չի կարող մեկը տկարանալ, իսկ մյուսը՝ ուժեղանալ, ինչքան հոգին ուժեղ է, այնքան մարմինը կարող է ուժեղ լինի և հակառակը։ Սա բոլոր ժամանակներում եկեղեցի և պետության հասկացողությունը ընգրկումն է։ Այդ մոդելը եղել է Գրիգոր Լուսավորիչ – Տրդատ թագավոր, Վռամշապուհ արքա – Սահակ Պարթև կաթողիկոս ժամանակներում։
Մենք պիտի փորձենք այս մոդելը վերագտնել այսօրվա կյանքում, այլ ոչ թե փորձենք գնալ արհեստական մրցակցությանը։
Երբ մենք մի բան խոսում ենք, ասում են քաղաքականության մեջ մի խառնվենք, բայց սա մեր կյանքն է, իմ կենսագրությունն է, իմ պատմությունը, ժառանգությունը, հայրենիքն, իմ պետությունը, իմ ժողովուրդը, որի ծոցից ծնվել եմ որպես հոգևորական։ Այդ բոլոր արժեքների տեր կանգնելու ուխտ եմ կնքել ես։ Այսինքն՝ այդ բաժանման սկզբունքը անհասկանալի է։
Ժողովրդի կյանքի բարելավումը և փոփոխությունը կապված է իր հոգևոր ընկալումների և արժեքների հետ։ Պետությունն էլ պետք է այդպես գործի, ոչ թե բոլորը դառնան կրոնավորներ, այլ հակառակը՝ այդ արժեքներին խրախուսելու ու խթանելու ճանապարհների միջոցները պետք է գտնել, վեր բարձրացնել մարդկանց մտածողությունը և կյանքը, որով նաև կբարեփոխենք մնացած մեր կյանքի բոլոր ոլորտները»։