Օրվա կադրը: Բագրատ Սրբազանը Հաղարծինում վարդաջրով ցողեց բոլորին:
Հարց. -Ինչո՞ւ ենք այս տոնը Վարդավառ կոչում:
Պատասխան. -Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ Աստվածության պայծառությունը: Եվ ինչպես վարդը բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ մեր Տերն այսօր պայծառակերպվելով հայտնում է Իր Աստվածությունը:
Վարդը փշերի մեջ է բուսնում, այդպես էլ մեր Տերը հրեաների մեջ երևաց, ովքեր էլ խաչեցին Նրան: Վարդն անուշահոտություն է բուրում, այդպես էլ մեր Տիրոջ պայծառակերպությունից անուշահոտություն բուրեց, որից աշակերտները թմրելով ընկան խոր քնի մեջ:
Իսկ նախնիներն այդ տոնը Վարդավառ անվանեցին, որովհետև վարդը քանի դեռ կոկոն է, ո՜չ իր գեղեցկությունը և ո՜չ էլ իր անուշահոտությունն է հայտնում, իսկ ժամանակի լրանալուն պես քաղցրությունից շարժվելով փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց ուրախացնում: Այդպես էլ Քրիստոս կուսական արգանդում սնվեց ու զարգացավ ինչպես կոկոն և ապա ծնվելով՝ աստղերով ու հրեշտակներով հայտնվեց մոգերին ու հովիվներին, իսկ հասնելով կատարյալ հասակին՝ հայտնվեց մարդկանց՝ նշաններով ու սքանչելիքներով:
Տերը մարմնի վարագույրով ծածկվելով ինչպես կոկոն, այսօր բացվելով հայտնեց հայրենի փառքը, իսկ անուշահոտության բուրմունքով՝ Աստվածությունը:
Վարդն ունի երեք որակ. կարմրություն, սպիտակություն և անուշահոտություն, ինչը խորհրդանշում է Երրորդությունը: Իսկ Քրիստոսի տնտեսության խորհրդում կարմրությունը խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը՝ անմեղությունը, իսկ անուշահոտությունը՝ Հոգին, որ փչեց առաքյալների վրա՝ ասելով. «Առե՜ք Սուրբ Հոգին»: Եվ դա ըստ այս խոսքի. «Իմ սիրեցյալը սպիտակ է և կարմիր, ընտրյալ է՝ տասը հազարից» (Երգ Ե 10):
«Սա տաղավար տոներից երրորդն է, և ժողովրդի կողմից շատ սիրված է: Իրար վրա ջուր ցողելը գալիս է Նոյ նահապետից, և կարծես մաքրագործման հատկություն ունի ջուրը: Ինչ վերաբերում է նրան, թե այս ավանդույթը հեթանոսական է, թե ոչ, ապա նշեմ, որ հեթանոս բառը էթնոս բառն է, ինչը նշանակում է ազգ»: