Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ՝ ՀԱՂԱՐԾՆԻ ՈՒԽՏԻ ՕՐ

«Այսօր Աստվածամոր նկարագիրը մարդու և Աստծո հարաբերության մեջ մարդու զղջումի, իրեն տրվածը խոնարհությամբ ընդունելու, Աստծո հետ հաշտվելու և Աստծո՝ մեզ հետ հաշտվելու պատմությունն է։ Այսօր մարդն ու Աստված հաշտվում են իրար հետ, մարդը և Աստված ձգտում են իրար՝ ոչ թե վերացական կերպով, այլ իրար հետ հաշտ ու զղջումով ապրած լինելու միջոցով։ Այդ պատճառով մենք այլևս ծառաներ չենք կոչվում, այլ՝ որդիներ, և եթե որդի, ուրեմն՝ նաև ժառանգ մեր ամբողջ ունեցածի՝ մեր կյանքի, միմյանց ու մեր ամբողջ ժառանգության։

Աստվածամայրն այն մեծ սիրո պատմությունն է, որ մարդը կարող է և կոչված է ցուցաբերել Աստծո և իր նմանի նկատմամբ։ Սա սիրո պատմություն է, և այդ սիրո պատմության ճանապարհորդությունն է, որ մեզ մտածել է տալիս, առաջնորդում է դեպի մեր կյանքի փրկությունը և արդարությունը»։ Բագրատ Սրբազան

Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի կարգը, որի միջոցով գոհանում ենք Աստծուց, մեզ առատապես պարգևած այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:

Translate »