Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բագրատ Սրբազանը պատարագ մատուցեց ԱՄՆ Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարում

ԵԿԵ՛Ք ՏՈՒՆ, ՄԵՐ ՄԱՅՐԸ ՀԻՎԱՆԴ ՈՒ ԽՈՑՎԱԾ Է, ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԻՐԵՆ ԱՅՍՊԵՍ ԹՈՂՆԵԼՈՒ։ՎԵՐԱԴԱՐՁԵ՛Ք, ԶՈՐԱՑՐԵ՛Ք և ԶՈՐԱՑԵ՛Ք

««Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք: Այստեղ աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Ավետարան ըստ Հովհաննեսի 16.33)

Այստեղ մեր Տերը երկու գաղափարներ է փոխանցում մեզ՝ խաղաղություն և հաղթանակ։ Միմյանցից զատ այս երկու գաղափարները գոյություն չունեն։ Մարդու կյանքում չի կարող լինել խաղաղություն, եթե չունի հաղթանակ։ Չի կարող լինել հաղթանակ, եթե մարդ չունի իր ներսում աստվածային խաղաղությունը՝ իր ճանապարհ հարթելու դեպի հաղթանակ։

Խաղաղությունը հենց այնպես տրված չի լինում։ Խաղաղությունը պայքարով, պատերազմով է ձեռք բերվում։

Կոնֆլիկտից, հակառակությունից է ծնվում խաղաղությունը, և այդ խաղաղությունը ծնվում է այն դեպքում, երբ դու հաղթանակում ես։ Եթե պարտված ես, ուրեմն ենթարկված ես այն ուժերին, որոնք քո կյանքի ամբողջության ու քեզ հետ գտնվում են հակառակության մեջ։ Սա ճիշտ է անձնական իմաստով՝ որպես մարդ, և որպես հավաքականություն։Խաղաղությունը ենթադրում է կոնֆլիկտ,խաղաղությունը ենթադրում է պատերազմ, խաղաղությունը ենթադրում է հակառակություն,խաղաղությունը ենթադրում է նաև հաղթանակ։Սա է խաղաղության գինը՝ պայքար, կռիվ և հաղթանակ։

Չկա այլ միջոց և տարբերակ մարդու համար, չկա այլ միջոց և տարբերակ որևէ երկրի, պետության համար։…Այս օրերին մեր կյանքի ճշմարտության պատկերն է արտահայտված Տիրոջ այս խոսքում՝ առնչված Հայաստան աշխարհին՝ անբաժանելի՛, անօտարելի՛ Արցախով։ Այն յուրաքանչյուրիդ կյանքից գողացված ճշմարտությունն է, յուրաքանչյուրիդ կյանքից գողացված ուրախության պատմությունն է, յուրաքանչյուրիդ կյանքից գողացված արժանապատվության կենսագրությունն է։ Երբեմն մենք ուզում ենք մտածել այդ մասին, երբեմն մենք այն հեռացնում ենք մեր կյանքից։

․․․Հաղթանակած խաղաղությունն է Աստծո հետ ապրելու ուխտը։ Մեր Տերն է ասում դա․ -«Քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Ե՛ս եմ հաղթել աշխարհին, և, եթե դուք ինձ հավաքում եք, հետևում եք իմ կյանքին, իմ բերած առաքելությանն ու հաղթանակին, իմ սիրուն, ուրեմն դուք էլ ի վիճակի եք հաղթելու»։ «Մի՛ վախեցեք»,-ասում է Տերը,- «Քաջալերվեցե՛ք, հաղթե՛ք աշխարհին, հաղթեք որպես ինձ հավատարիմ անդրանիկ ազգ, որպես ազգ, որը միայն ստեղծել է ու ստեղծում է, որի պատմությունը ավելի շատ արյուն է տեսել, քան ջուր, որի պատմությունը խաչի աստվածաբանության պատմությունն է, բայց, միևնույն ժամանակ հարության հաղթանակի, որի պատմությունը Քրիստոսի պատմությունն է։

Այսպիսի ազգ եք դուք, այլ կերպ մի՛ ապրեք։ Այդ վեհությանն ու անդրանկությանը արժենի կյանք ունեցեք և այդպես գործեք։ Մի՛ վախեցեք, մի՛ վախեցեք ոչնչից, որովհետև ես հաղթեցի աշխարհին»,- ասում է մեր Տերը։

․․․Տավուշում 30 տարի շարունակ մեծ ուրախությամբ ու պատվով կրել են սահմանապահ լինելու պատիվը, չեն վստահել ուրիշին, ասելով, որ սա մեր պատիվն է, մենք ենք կոչված կրելու այն։ Մեր մանկապարտեզները, դպրոցներն անընդհատ խոցված են եղել թշնամական գնդակներից, բայց, այդուհանդերձ, այդ ժողովուրդը ուխտ է կնքել ապրելու այդտեղ արժանապատվությամբ, ինչպես մեր Արցախ աշխարհում։

․․․Մնում է միայն անդադրում գործելու՝ ՉԱՐԱԶԵՐԾ և ՑԱՎԱԶԵՐԾ Հայաստան, Արցախ և հայ ժողովուրդ ունենալու համար աշխարհի բոլոր ծագերում։ Մեզ մնում է գործել իրար նկատմամբ սիրո մեջ, մեզ մնում է գործել իրար նկատմամբ առավել վստահության մեջ, մեզ մնում է գործել իրար նկատմամբ ունեցած ներողամտության մեջ՝ իրար անընդհատ պատիվ տալու մեջ առաջ ընկնելով և ոչ թե պատիվը գողանալով։ Մնում է միայն գործել, երբեք հույս չունենալով որևէ մեկի վրա հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում, այլ մեր հույսը լինի մեր ներքին ուժականությունը՝ որպես ազգ, և մեր հույսը լինի մեր հավատքի, մեր Տիրոջ վրա՝ որպես մեր սեփական Աստվածը, ինչպես Նա է ասում։

․․․Մենք կա՛մ ապրելու ենք հաղթանակի տեսիլքով՝ հավերժական խաղաղություն ունենալու թե՛ անձնական, թե՛ հավաքական նկարագրով, և կա՛մ ապրելու ենք որպես նզովված ժողովուրդ՝ այդ նզովքի ծանրության տակ, հեղված արյունի ծանրության տակ, որին, թերևս, երբեք էլ արժանի չլինենք։

Մեջտեղը ընտրություն գոյություն չունի, հավատացե՛ք։Մեր ընտրությունը, իմ ապրումով, հաղթանակած խաղաղությունն է։ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ․սա պետք է լինի մեր միակ և անփոխարինելի ճանապարհը։

․․․Իմ խնդրանքը, ժողովուրդ ջան (ԱՄՆ, Լոս Անջելես-խմբ․)․ չհուսահատվեք և չհուսախաբվեք ձեր Հայրենիքից։ Շո՛ւտ վերադարձեք տուն, այցելե՛ք Հայաստան, այցելե՛ք Արցախ։

Նախ, այստեղ երբեք թույլ չտաք ձեր կյանքում թշնամություն ու բաժանում սերմանվի, ինչպիսի տեսքով էլ դրանք գան։ Հայաստանն արդեն ատելության ու թշնամության մարտադաշտ է դարձած, թույլ չտաք, որ այդ թույնն այստեղ ևս հասնի։ Եվ, ապա, այդ սիրով վերադարձեք տուն, այցելե՛ք մեր երկիր՝ ձեր տուն, ձեր բնօրրան, ձեր երազների, մանկության, պատանեկության, բոլոր ապրումների, ձեր հարազատ շիրիմների, շնչված օդի իրականությունը վերադարձեք։Եկե՛ք տուն, մեր մայրը հիվանդ ու խոցված է, մենք իրավունք չունենք այսպես թողնելու իրեն։Վերադարձե՛ք, զորացրե՛ք և զորացե՛ք»

Translate »