Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բագրատ Սրբազանի խոսքը Նոյեմբերյան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամներին ու համայնքապետին

Բագրատ Սրբազանի խոսքը Նոյեմբերյան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամներին ու համայնքապետին․

«Տերը ասում է՝ ես չեկա պաշտոն ստանալու, եկա պաշտելու, չեկա ծառայություն ստանալու, եկա ծառայելու։ Եթե սա ճիշտ է մեր Տիրոջ համար, ուրեմն բազմապատիկ, հարյուրապատիկ ճշմարտություն է յուրաքանչյուր մարդու համար, ով ինքն իրեն տրամադրում է ծառայության։

Անկեղծ ասած՝ յուրաքանչյուր մարդու, ով որևէ աստիճանի ծառայության է կոչվում, ես չեմ նախանձում, որովհետև նրա գործողություններից են կախված լինելու մարդկանց կյանքի որակը, կյանքը՝ որպես արժեք, և այն տարածքը, որը վստահվել է իրեն կամ ինքն է հանձն առել պատասխանատվություն ունենալու։

Յուրաքանչյուր պատասխանատուի կյանքից, գործից, վարքից, խոսքից, հմտություններից, գիտելիքից, հավատքից է կախված ժողովրդի կյանքը։

․․․Ինչո՞ւ հավաքվեցինք այս սուրբ տաճարում։

Նախ, որ մեր հավատարմությունը հայտնենք այն ժառանգությանը, որ մեր հայրերը թողել են մեզ։ Մենք որքանո՞վ ենք նույնական այդ ժառանգությանը։

Երկրորդը՝ հավատարմություն ներկային։ Սա մեր սահմանագիծն է, մեր հոգևոր և ֆիզիկական Հայրենիքի սահմանագիծը․ այստեղ է թափվել մեր արյունը, այստեղ են մեր սիրելիներն իրենք իրենց ընծայումն արել՝ այս եկեղեցու հայացքի ներքո։

Երրորդ՝ հավատարմություն գալիքին՝ որպես մեր բոլոր խնդիրների լուծման բանալի։ Այստեղից է սկսվում մեր կյանքի վերազարթոնքն ու վերականգնումը՝ վերոնշյալ երկու հավատարմություններին համապատասխան և զուգահեռ․ եթե ունենք անցյալի մեր ժառանգության, ինքնության հավատարմությունը, եթե ապրում ենք ներկայի մեջ մեզ ճշգրտելու ճանապարհը, ուրեմն գալիքն էլ իր հաղթանակով շատ չի ուշանա։

․․․Իմ հորդորն ու խնդրանքն է, որ սիրո՛վ անեք ամեն ինչ, սիրո՛վ փնտրեք միմյանց, միմյանց հետ սիրո՛վ գործակցեք, ձեր աշխատանքային ժամերին տեղի ունեցած խնդիրները չտեղափոխեք ձեր անձնական կյանք։

Մեր ձորակները կարիք չունեն ներքին հակառակության, թշնամության։ Մենք մե՛կ թշնամի ունենք մեր դիմացը կանգնած՝ այս սահմանագծից մի քիչ վերև։

․․․որպեսզի մենք ոչ թե ողորմություն խնդրող ժողովուրդ ունենանք, այլ՝ ողորմություն տվող ժողովուրդ, որևէ կերպով ողորմություն․ ո՛չ խաղաղության, ո՛չ սոցիալ-տնտեսական պայմանների»։

29․12․2021թ․

Translate »