Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Դիլիջանում տոն է․ այսօր օրհնվեց նոր կառուցվող եկեղեցու առաջին քարը։

Շուրջ 90 տարի առաջ Դիլիջանում քանդվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունն ու գմբեթը, և այն վերածվեց կինոթատրոնի։ Հետագայում եկեղեցին ամբողջությամբ քանդվեց և դրա տեղում կառուցվեց կինոթատրոնի նոր շենքը։

Հայաստանի վերանկախացումից ի վեր Դիլիջանում եկեղեցի կառուցելու մի քանի փորձեր են արել, սակայն նախաձեռնությունները չեն հաջողել․ հավանաբար ժամանակը դեռ չէր հասունացել։

Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի՝ Դիլիջանում ծառայության անցնելուց հետո՝ արդեն 10 տարի, դիլիջանցիները Սուրբ Պատարագի, ժամերգությունների են մասնակցում, մկրտության և պսակի խորհուրդներ կատարում «Հին Դիլիջան» համալիրի տարածքում գտնվող փոքրիկ սրահում, որը կոչել են Սուրբ Խաչ եկեղեցի, քանի որ եկեղեցու անդրանիկ Պատարագը կատարվել է Սուրբ Խաչի տոնին։

Տասը տարիների ընթացքում Դիլիջանում ձևավորվել է սիրով լեցուն, չքնաղ համայնք։ Հոգու տաճարն աստիճանաբար կառուցվում է։ Ժամանակն է կառուցել քարեղեն տաճարը։

«Ժամանակին մեր քաղաքն ունեցել է սուրբ եկեղեցի, որտեղ Ղարաքիլիսայի ճակատամարտից առաջ իր նշանավոր ճառն է խոսել Գարեգին Նժդեհը, որտեղ մարդկանց զգացումները, ապրումները, աղոթքները, տառապանքն ու ուրախությունը խտացված էին և այդպես էլ մնալու են՝ անկախ նրանից, թե մենք ինչ գործեցինք այդ եկեղեցու հանդեպ։

Սա ոչ միայն քարեղեն շենքի կառուցում է, այլև այս տարիների ընթացքում Դիլիջանում սերմանված հոգևոր կյանքի մեծագույն խորհրդանիշը, և միևնույն ժամանակ՝ մեր նախնիների՝ մեր հայրերի գործած մեղքի սրբագրումն ու մեր պատվի վերականգնումը, Աստծո հետ հանդիպելու վերականգնվող հնարավորությունը»-ասաց Բագրատ Սրբազանն իր խոսքում։

Translate »