Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԻ ՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ: ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵՑ ՄՈՎՍԵՍԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսօր՝ հունվարի 21-ին, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ եպիսկոպոսական սուրբ և անմահ պատարագ մատուցվեց սահմանապահ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Մովսես գյուղի բնակչությունը՝ մեծից փոքր մասնակցում էր պատարագին: Արժանապատիվ քահանաներ Տեր Աբելի և Տեր Արամի, բարեշնորհ Մարտուն, Գագիկ և Գևորգ սարկավագների մասնակցությամբ, գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ մատուցվեց սրբալույս պատարագը: Պատարագին ներկա էին նաև Տավուշի թեմի երիտասարդները Դիլիջան, Իջևան, Բերդ քաղաքներից:

Մովսեսի միակ եկեղեցին գտնվում է դիպուկահարների թիրախում: Բազմաթիվ կրակոցներ վնասել են եկեղեցու գմբեթը: Մովսեսը թեև ամեն օր ենթարկվում է գնդակոծությունների, բայց կյանքն այստեղ կանգ չի առնում` այստեղ մկրտվում են ու պսակադրվում:

Քարոզի ժամանակ Բագրատ Սրբազանն ընթերցեց Հովհաննես ավետարանից հետևյալ հատվածը

Ես հաղթեցի աշխարհին

«Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33):

Բագրատ Սրբազանի խոսքերով Այս է մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի պատգամը. – Ես ձեզ հետ եմ, որպեսզի դուք խաղաղություն ունենաք: Այդտեղ Աստծո Հոգին է, խաղաղության Հոգին: Սահմանագոտում կառուցված այս հրաշք եկեղեցին կառուցված է խաղաղության երաշխիքով: ԱՅստեղ մտնող յուրաքանչյուր մարդ պետք է զգա լույսը, ունենա հույսի և հաղթանակի զգացումը:

Այնուհետև միասնական աղոթք ուղղվեց առ Աստված՝ մեր հայրենի սահմանների ամրության, խաղաղ երկնքի ու զինվորների համար:

Տավուշի թեմի մամլո դիվան

Translate »