Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ սահմանապահ գյուղերում. Ներքին Կարմիր աղբյուր

Տավուշի թեմում հոգևոր ուրախության ու զարթոնքի օրեր են: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ Պատարագ է մատուցվում Տավուշի սահմանագոտու բոլոր գյուղերում: Հոգևոր ավետիսի մեկնարկը տրվել էր դեռևս անցած շաբաթ Մովսես գյուղում, խորհուրդը համակեց հերոսական Չինարին, իսկ ահա այսօր հոգևոր ցնծության օր էր Ներքին Կարմիր աղբյուր գյուղում՝ մշակույթի տանը: Սահմանապահ գյուղի հավատավոր ժողովուրդը դարավոր ընդմիջումից հետո հնարավորություն ունեցավ ճաշակելու մեր Տիրոջ կենարար մարմինն ու արյունը և հաղորդակից լինելու Սուրբ Պատարագի խորհրդին:

Բագրատ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ այս օրերին ստանձնած իր առաքելությանը՝ Պատարագներ մատուցելու սահմանագծի ողջ երկայնքով.

«Ես իմ ամենապայծառ տեսիլքներում ու պատկերացումներում, երբ դեռևս 3 տարի առաջ եկա այս գյուղ, չէի պատկերացնում, որ Աստված պետք է մեր ճանապարհն ուղղի դեպի այս համայնքի կյանքը՝ այս անգամ Սուրբ Պատարագի խորհրդի մեջ: Այս օրը պատահական օր չէ, երեկ մեր փառապանծ զավակի՝ հայոց բանակի 25-ամյա տարեդարձն էր, մեր բանակը հասուն տարիքում կարծես ծնվեց, ծնվեց արյունի ճանապարհով, մեր եղբայրների կյանքի, ընտանիքների կյանքի գնով, այդ ծնունդը սովորական ծնունդ չէր, ամեն մեկն այնտեղ ստանձնեց մի կարևորագույն պատասխանատվություն, այս համայնքն այդ ծնունդի երաշխավորներից է, այս սահմանների վրա են ծնվել մեր փառապանծ բանակի անդրանիկ զավակները, այսօր գտնվում ենք մի համայնքում, որը երես առ երես կանգնած է հակառակորդի դիմաց, մի համայնք, որ երբևէ նահանջելու մասին չի մտածել, մի համայնք, որի կյանքն անցնում է ամբողջ հայության սրտերով, համայնք, որի կյանքի ու պատվի հաշվին մենք կարողանում ենք ապրել և գործել, համայնք, որտեղ մշակի ու զինվորականի համազգեստն իրարից չեն տարբերվում»:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց նաև Ջրօրհնեքի կարգ, խաչքավոր դարձավ Չինարի համայնքի ղեկավար պարոն Մանվել Կամենդատյանը:

Խորհրդանշական էր նաև, որ ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ զինվորների օրհնության կարգ տեղի ունեցավ. ներկա էին Տավուշի սահմանը պահող զինվորներն ու Ռազմական ոստիկանության աշխատակիցները: Այսօր նաև մեծ հայորդի, ավագ լեյտենանտ, հետախուզության սպա Զորիկ Գևորգյանի և ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Վլադիմիր Ալիխանյանի տարեդարձն է, ովքեր հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս հերոսաբար անմահացել են: Բագրատ Սրբազանը կատարեց նաև հոգեհանգտսյան կարգ՝ հիշատակելով հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը նվիրած հայորդիներին:

Բերդի տարածաշրջանի ամբողջ հոգևոր դասը, ինչպես նաև բնակիչներ ամենատարբեր համայնքներից, արժանապատիվ քահանաներ Տեր Արամի և Տեր Աբելի հովվությամբ մասնակցեցին այս կարևոր իրադարձությանը:

DSC 0716
Aperture: 4.8
Camera: NIKON D3300
Iso: 400
Orientation: 1
« of 10 »
Translate »