Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«ԿԱՅԹՆ» ԻՐ 4-ԱՄՅԱԿԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՄՈՎՍԵՍՈՒՄ ՆՇԵՑ

Սահմանապահ Մովսեսն այս հանգստյան օրերին հյուրընկալել էր «Կայթ» Արվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի անդամներին և նրանց ընկերներին։
Երկօրյա այցի նպատակն էր օգնել երեխաներին՝ կողմնորոշվել ապագա մասնագիտություն ընտրելիս։

Հյուրերը կիսվեցին սեփական փորձով, պատմեցին մանկության երազած մասնագիտությունների, կյանքում ունեցած ձախողումների և հասած հաջողությունների մասին։
Հոգեբան, հաշվապահ, բանասեր, զբոսավար, ինժեներ, ֆինանսիստ, լրագրող, երաժիշտ . տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ պատմեցին իրենց մասնագիտությունների մասին, ներկայացրին, թե որտեղ կարող են դրանք սովորել, պե՞տք է բուհական կրթություն, թե՞ ոչ, ինչպես դառնալ պահանջված մասնագետ: Բացի այդ, ներկայացրին այն սխալները, որոնք դեռահասները թույլ են տալիս մասնագիտական կողմնորոշման ժամանակ:
Հյուրերը հորդորեցին փորձել պատասխանել ոչ թե, որտե՞ղ և ի՞նչ հարցերին, այլ ինչու՞ հարցին:

Հյուրերից «Ինսթիգեյթ» ընկերությունների խմբի հիմնադիր և «Արմաթ» լաբորատորիայի համահիմնադիր Վահագն Պողոսյանն էլ իր ելույթում շեշտը դրեց ոչ ֆորմալ կրթության և աշխատաշուկայի զարգացման միտումների վրա:
Այցելության երկու օրերին կայթեցիներն ու մովսեսցիները հասցրին միասին ֆուտբոլ խաղալ, մասնակցել Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող Պատարագին և երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանի նախաձեռնությամբ սովորեցին կոմիտասյան երգերը:

Սեմինարի ավարտին Կայթի հիմնադիր Կորյուն Դավթյանի գլխավորությամբ բոլոր մասնակիցները պարեցին ազգային պարեր՝ որպես միասնականության խորհրդանիշ:
Միջոցառման կայացմանն աջակցել են դպրոցի ուսմասվար Մերի Ավալյանն ու Մովսեսի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը:
«Կայթն» առաջին անգամ էր Մովսեսում, բայց խոստացավ, որ այցը վերջինը չի լինի։
Նյութը պատրաստեցին մովսեսցի երեխաները:

29067269_1775335019443096_568578604683473579_n
« of 24 »
Translate »