Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կիրակնամուտ Նոր Վարագավանքում

Երեկոյան աղոթք շուրջ 400 տարի Տիրոջ Խաչափայտի մասունքն իր մեջ կրած վանքում` մշուշով պատված Նոր Վարագավանքում։

Ինչպես Մեծ Պահքի ամեն շաբաթ օր, այսօր նույնպես Տավուշ թեմի հոգևորականները Նոր Վարագավանքում միաբան աղոթքի կանգնեցին կիրակնամուտի երեկոյան ժամերգությանը։

Ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարվեց մեր բոլոր ննջեցյալների, մասնավորապես կիսախորնարհ Նոր Վարագավանքը սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով վերանորոգած Տավուշի նվիրյալ զավակ Նորայր Խաչատրյանի և Նոր Վանագավանքի ամենօրյա խնամքը հանձն առած, Արցախյան 44 օրյա պատերազմի նահատակ, վարագավանցի Մհեր Մանուչարյանի հոգիների խաղաղության համար։

Բանակային 3-րդ կորպուսի անունից պատվոգիր հանձնվեց տավուշյան հուլիսյան մարտերում նշանակալից օժանդակություն ցուցաբերած Հայորդաց տների հոգևոր տեսուչ Մաղաքիա վարդապետ Ամիրյանին։

Արցախյան 44 օրյա պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը, երբ այսօրվա ժամերգության բոլոր մասնակիցներս՝ հոգևորական ու աշխարհական, Նոր Վարագավանքում էինք և աղոթում էինք խաղաղության համար։

Այսօր էլ միաբանվել էինք նույն վայրում և Տիրոջ խաղաղությունն էինք հայցում Հայաստան և Արցախ աշխարհիս համար։

Ո՛ւնկն դիր, Տէ՛ր, աղօթից իմոց եւ նայեա՛ց ի ձայն խնդրուածաց իմոց:

Translate »