Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ՝ ՄԵԿ ՍԻՐՏ, ՄԵԿ ՄԻՏՔ, ՄԵԿ ՀՈԳԻ. ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ ՁԵՌՆԱԴՐՎԱԾ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵՑԻՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ

Այսօր մեր եկեղեցին հարստացավ ևս վեց քահանաներով։ Ինչպես քարոզում ասաց Բագրատ Սրբազանը՝ այսօր այս սուրբ խորանից ծնունդ ենք տալիս նոր ԿՅԱՆՔԻ, նոր ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ և նոր ՀԱՂԹԱՆԱԿԻ։

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք. Արտաշատ), ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից ձեռնադրման և օծման արժանացան 5 սարկավագներ։

Բարեշնորհ Լևոն սարկավագ Հակոբյանը անվանակոչվեց Տեր Հարություն քահանա, Արսեն սարկավագ Սարգսյանը՝ Տեր Վահրամ քահանա, Շավարշ սարկավագ Այվազյանը՝ Տեր Նարեկ քահանա, Դավիթ սարկավագ Գիշյանը՝ Տեր Դավիթ քահանա, Մինաս սարկավագ Կարապետյանը՝ Տեր Աբգար քահանա։

Նույն ընթացքում Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում, ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, առաջին անգամ կատարվեց քահանայական ձեռնադրություն։ Քահանայության աստիճանի արժանացավ ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը, ով անվանակոչվեց Տեր Վաչագան քահանա:

Բագրատ Սրբազանը քահանաներին ուղղված իր խոսքում ասաց․ «Դուք կոչված եք գործելու անանձնական կերպով, դուք ապրելու եք ոչ թե ձեր սեփական ուրախությունը, այլ անանձնական ուրախությունը բոլոր նրանց, ովքեր հանձնված կլինեն ձեր խնամքին:

Դուք կոչված եք լինելու վշտի մեջ գտնվողին վշտակցել, սգի մեջ գտնվողի հետ սգալ, չլսողին խոսք փոխանցել, մոլոր ճանապարհի մեջ գտնվողին ճշմարիտ ուղին ցույց տալ, սիրտ սրտի ապրել բոլորի հետ ոչ թե որպես օտար, այլ սեփական քո ժողովուրդը լինելու զգացումով և հարատև աղոթքի մեջ լինել ամենքի համար»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պահեցողությունից հետո նորընծա քահանաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Շնորհավորում ենք նորաօծ քահանաներին, իրենց ընտանիքներին, ձեռնադրող Սրբազան Հայրերին և ամբողջ Հայ Եկեղեցուն։

Translate »