Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հունվարի 9-ին Տավուշի թեմում կազմակերպվեց առաջին ուխտագնացությունը

Տավուշի դարպասներում՝ հայ-վրացական սահմանին մոտ գտնվող Բագրատաշեն գյուղում հոգևոր սիրո ու աղոթքի բաց դաս էր: Տեղի ունեցավ Տավուշի թեմի 2016 թ. անդրանիկ ուխտագնացությունը: Տավուշի թեմի ամբողջ հոգևոր դասը, Տավուշի թեմի առաջնորդարանի աշխատակազմի, երիտասարդաց միության անդամների հետ միասին, թեմի առաջնորդի՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Աստծո լույսն ու քրիստոնեական շունչը տարան ՀՀ պետական սահման: Բագրատաշեն գյուղի Սուրբ Աննա մատուռում մատուցվեց եպիսկոպոսական սուրբ և անմահ պատարագ: Կատարվեց ջրօրհնեքի արարողություն: Գյուղի պատմության մեջ թերևս առաջին անգամ գյուղի կենտրոնական հրապարակում կատարվեց Անդաստանի կարգ՝ օրհնվեցին Տավուշ աշխարհի չորս ծագերը: Այնուհետև Աստվածային օրհնությունն ու խնկաբույրը տարածվեց ամբողջ գյուղով մեկ:

Հոգևոր սպասավորները պատահականության սկզբունքով այցելեցին Ծննդյան ավետիսը փոխանցելու և տնօրհնեքի արարողություն կատարեցին գյուղի տարբեր օջախներում: Այնուհետև ուխտավորները հյուրընկալվեցին և տնօրհնեքի կարգ կատարեցին Տավուշի մարզպետի՝ Հովիկ Աբովյանի հարկի տակ:: Ուխտագնացությունը մեծամասամբ կազմակերպվել էր Տավուշի թեմի երիտասարդաց միության երիտասարդների ցանկությամբ ու ջանքերով:

Translate »