Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Այսօր ստորագրվեց պայմանագիր Մաշտոցյան Մատենադարանի և Տավուշի թեմի միջև, համաձայն որի մինչև 2022թ-ի վերջ Հաղարծնում կբացվի մշտական ցուցադրություն՝ ներկայացնելով Տավուշի վանքերում (Հաղարծին, Խորանաշատ, Դեղձուտ, Մշկավանք, Չարեքայ Անապատ և այլն) ստեղծված ձեռագրական ժառանգությունը։

Կրկնօրինակման և մակետավորման բաժինն արդեն սկսել է աշխատանքները։ Մատենադարանի մասնագետները մեկ տարվա ընթացքում ավարտին կհասցնեն 12 ձեռագրերի կրկնօրինակման աշխատանքները:

․․․Մեր բոլոր վանքները եղել են գրչության կենտրոններ։ Այդ կենտրոններում ստեղծված ձեռագրերն ու մատյաններն են հիմա պահվում Մատենադարանում։ Տավուշի ականավոր վանքերից էին Հաղարծինը, Գոշավանքը, Խորանաշատը և այլն։

․․․Սա առաջին քայլն է՝ ստեղծել ձեռագրերի ցուցասրահ-թանգարան Հաղարծնի վանքում, որպեսզի ավելի ընկալելի լինի և՛ մեր հայրենակիցներին, և՛ օտարերկրյա զբոսաշրջիկներին, թե ինչ ժառանգություն են թողել մեր միջնադարյան հոգևոր հաստատությունները և մեր մեծ հայրերը՝ Մխիթար Գոշը, Վանական վարդապետը և այլոք։

Պայմանագիրը ստորագրեցին Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էր Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը։

Translate »