Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

«Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հավատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեանս չի մեռնի» (Հովհաննես ԺԱ 25-26):

Քրիստոս Հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի

Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին:

Հատված Բագրատ Սրբազանի Սուրբ Հարության տոնի ճրագալույցի քարոզից.

«Այսօր մեր բոլոր եկեղեցիներում է հնչում և ամբողջ Հայաստանը մի մեծ սիրտ դարձած տրոփում է մեծ ավետիսով, թե՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:

Հարության խորհուրդի մենք երբեք չենք զգա, եթե ապրած չլինենք խաչելության խորհուրդը: Քրիստոս մեռելներից է հարություն առել, մեռելներից հարություն առնելով՝ մեզ հստակ հույսի խոստում է տվել, որ դուք այս հոգեվիճակում մահանալու եք կոչված, բայց Ես եկել եմ ձեզ հետ գերեզմանը տարվելու, Ես եկել եմ ձեզ այդ մահվանից ազատելու: Եվ ահա սրա մասին է Հարության խորհուրդը: Մեր Տերն Իր մեկնելուց առաջ ասում է. «Ահա Ես Ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»: Եթե չենք հավատալու դրան, իմաստ չունի այս կյանքի մեջ ապրած որևէ վայրկյանը: Եթե մենք մեր աշխատանքի ապագայի արդյունքի հույսը չունենք, ապա իմաստ չունի մեր աշխատանքը: Հենց այդ հույսի մասին է մեզ հետ խեսում Հիսուսը. «Ես եկել եմ ձեզ հարության հույսը տալու, ազատելու մեղքից ու մահվանից»:

Քրիստոսի Հարության խորհուրդը այն գերեզմանված քարը գլորելու մասին է, որ այսօր դրված է մեզ վրա որպես մեղք: Մինչև սա չլինի, մենք մահացած ենք: Քրիստոսի Հարության լույսն է մեր ապրելու չափորոշիչը, խաչին գամված Քրիստոսի՝ ներողության հրավիրելու, «Հա՛յր, ների՛ր սրանց» ասելն է մեր չափորոշինչը, իր աշակերտների ոտքերը խոնարհությամբ լվացող Հիսուսի սիրո պատգամն է մեր կյանքի չափորոշիչը: Մեր ապրելն իմաստ չի ունենա, եթե չլինի այն հաստատ համոզումը, որ Աստված ինձ համար խաչվել, թաղվել ու հարություն է առել, և ես էլ նույն ճանապարհով եմ գնում»:

Translate »