Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՇԱՄՇԱԴԻՆԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՄԱՆՈՐԸ

Տավուշի թեմի 43 կիրակնօրյա դպրոցներում շարունակում են տոնել Սուրբ Ծնունդն ու Ամանորը․ դեկտեմբերի 26-ին Շամշադինի տարածաշրջանի Նորաշեն համայնքում կայացավ հերթական միջոցառումը։

Նորաշենի դպրոցում հավաքվել էին Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր և Նորաշեն համայնքների կիրակնօրյա դպրոցների սաները, նրանց ուսուցիչներն ու ծնողները։ Ներկա էր Տավուշի թեմի առաջնորդ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև այս դպպրոցների խնամքի համար պատասխանատու հոգևոր հովիվները՝ Տեր Աբել քահանա Քարտաշյանն ու Տեր Արամ քահանա Միրզոյանը։

Մանուկներին տրվեցին ամանորյա նվերներ, որոնք իրականություն են դարձել ԵՀԽ «Կլոր Սեղան» գրասենյակի, ինչպես նաև Տավուշի թեմի կանադահայ ու լոսանջելեսաբնակ մի խումբ բարեկամների աջակցության շնորհիվ։

Բագրատ Սրբազանը, շնորհակալություն հայտնելով կիրակնօրյա հաճախող երեխաների ծնողներին՝ վստահեցրեց, որ այն, ինչ արվում է այսօր, պարզապես գործ չէ, այլ նրանց օժանդակելուն ուղղված առաքելություն․ «Ուզում ենք, որ մեր բոլոր զավակները մեծանան ամբողջական առողջությամբ՝ հոգով, մտքով ու մարմնով։ Ինչպես կասեր բանաստեղծը՝ ոսկին բռնենք, թող հոգի դառնա․ և այդ ոսկին դուք տալիս եք, ու մենք հոգին ենք վերադարձնում․․․․»։

Տավուշի թեմի առաջնորդը նաև վստահություն հայտնեց, որ կիրակնօրյա դպրոցներում նվիրյալ ուսուցիչների ցանածը տարիներ հետո մեծ պտղատվություն է ունենալու՝ Հայրենիքին նվիրելով բարձր գիտակցությամբ և մեր ինքնության ամբողջական հասկացողությամբ արժանապատիվ քաղաքացիներ։

«Մեր երեխաներն այլ բանի մասին չեն խոսում, քան Հիսուսի Ծննդով աշխարհին փոխանցված մեծագույն Ավետիսի մասին․ երկրում խաղաղություն լինի, մարդկանց մեջ՝ հաշտություն, և այդ բոլորը լինեն Աստծո փառքի մեջ։

Մեր տարածաշրջանն ամենաշատն է, որ առարկայորեն, շոշափելիորեն այս բոլորի կարիքն ունի, և ես համարում եմ, որ մեր երեխաների պատգամը երկնքին անտարբեր չի թողնի, և մենք կունենանք մեր բաղձալի խաղաղությունը՝ անվտանգության իմաստով, և խաղաղությունը մեր սրտերում ու հոգիներում՝ մեր ներդաշնակ և զարգացող կյանքի համար»։

                                                                                                                      Բագրատ Սրբազան

Translate »