Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սուրբ Ծննդյան խորհուրդը համակել էր ամբողջ սահմանապահ Բերքաբերը

Տավուշի թեմի սահմանապահ Բերքաբեր գյուղում մեծից փոքրի ցնծության մեջ էին, տոնում էին Սուրբ Ծննդյան ավետիսը:

Հունվարի 8-ին Տավուշի թեմի Բերքաբեր գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում մեր Տիրոջ Աստվածահայտնության և մկրտության խորհրդի առթիվ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ կատարվեց Ջրօրհնյաց հանդես:

Այս կարևոր արարողության խաչքավորը պարոն Գևորգ Ղազարյանն էր, ով մեծ խոնարհությամբ ու ուրախությամբ իր հոգու վրա կրեց այդ կարևոր առաքելությունը, վերջինս ընտրվեց Բերքաբերի Սուրբ Գևորգ եկեղեցու խաչի քավոր արժանապատիվ տեր Արշավիր քահանայի առաջարկությամբ և գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ:

Այս կարևորագույն իրադարձությանը մասնակից դարձան Բերքաբերի դպրոցականները, գյուղի բնակիչները:

Սահմանագոտում ապրող մարդիկանց համար նմանօրինակ իրադարձությունները շատ կարևոր են: Բերքաբերում Ջրօրհնեքը վերածվեց համահայկական տոնի, օրհնված ջուրը մտավ յուրաքանչյուր տուն:

Translate »