Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան


ԱՌԱՋՆՈՐԴ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ

Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (ավազանի անունը՝ Վազգեն)

Ծնվել է 1971 թ-ի մայիսի 20-ին Գյումրիում: Ծնողներն պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից: Ամբողջ ընտանիքով 1971 թ-ին ներգաղթել և հաստատվել են Գյումրիում, ապա՝ 1977թ-ին տեղափոխվել են Երևան:

1978-1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։

1988-1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

1994 թ-ին Անանիա եպիսկոպոս Արաբաջյանի կողմից ձեռնադրվել է սարկավագ։

1995 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է ճեմարանը, պաշտպանել է «Խոսրով Եպիսկոպոս Անձևացու Ժամակարգութեան մեկնությունն ու աստուածաբանությունը (նորագյուտ ձեռագրերով և մատենագիտական ուսումնասիրությամբ)» վերտառությամբ ավարտաճառ։

Գևորգյան հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո նույն թվականի հուլիսի 23-ին, այդ տարի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա։

Ձեռնադրվելուց հետո մինչև 1998 թ. եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի գավազանակիրը։

1996թ. նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էջմիածին» պաշտոնական ամսագրի գլխավոր խմբագիր։ Միաժամանակ նշանակվել է նաև Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի փոխտնօրեն՝ ուսուցիչների վերապատրաստության ծրագրեր վարելով Արմավիր, Մասիս, Արտաշատ, Ապարան քաղաքներում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Հայաստանում քրիստոնեական առաջին՝ «Կանթեղ» հեռուստանախագծի հիմնադիր անդամ է։

1996-1998 թթ. նաև Սուրբ Պատարագի մեկնություն, Շարականագիտություն և Ընդհանուր Եկեղեցու պատմություն է դասավանդել Գևորգյան Հոգևոր Ճեմարանում և Վազգենյան դպրանոցում:

1998-2000 թթ. սովորել է Անգլիայի Լիդսի համալսարանում, Մըրֆիլդի Սուրբ Հարության Աստվածաբանական քոլեջում:Ուսանելու տարիներին եղել է նաև Մանչեստրի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու այցելու հովիվը։

1996-2000թթ. եղել է Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի կազմակերպման կենտրոնական մարմնի անդամ։

2000 թ-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ։ Տեսչի պաշտոնում դասավանդել է Ընդհանուր Եկեղեցու պատմություն, Հովհաննու Ավետարանի մեկնություն, Եկեղեցական երաժշտություն առարկաները։ Հիմնադրել է Վազգենյան դպրանոցի «Լուսավորիչ» երգչախումբը։

2002 թ-ին պաշտպանել է վարդապետական «Հիվանդաց Օծման խորհուրդի խնդիրը Հայ Եկեղեցում» թեզը և ստացել մասնավոր վարդապետության 4 աստիճանները։

2002 թ-ին տեսչի պաշտոնին զուգահեռ նշանակվել է նաև Մայր Աթոռի նորահաստատ Մամուլի, լրատվության և Հասարակական կապերի գրասենյակի տնօրեն, եղել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Հիմնադրել և վարել է «Ճանաչենք Ավետարանը» հաղորդաշարը։

2002թ-ին զուգահեռաբար նշանակվել է նաև Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Փոխառաջնորդության կարճ շրջանում Օշականում հիմնադրել է մանկական պարի խումբ և երգչախումբ, ընդարձակել և վերակազմավորել է թեմի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը, Թալինում Երիտասարդական կենտրոն ստեղծել։

2003 թ-ի մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովում ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ։ Նույն թվականի հունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջնորդության տարիներին բարեգործության նպատակով հիմնել է «Հայ տուն» կազմակերպությունը՝ անօգնական տարեցներին և հիվանդներին օգնելու, ինչպես նաև Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմավորել է երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ և այլն։

2012 թ. Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցեալը ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով։

2013 թ-ին վերադարձել է Հայաստան։

2013-2019թթ․ եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենը։

2013 թ. արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ II-ի ադամանդյա հոբելյանի մեդալին։

Հրատարակել է բազմաթիվ աստվածաբանական, հասարակական, քարոզախոսական, մշակութային հոդվածներ, «Խոհեր» և «Միտք եւ բանք» գրքերը։

2015 թ-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ։

2015 թ-ի սեպտեմբերի 21-ին Բագրատ եպիսկոպոսի նախաձեռնությամբ Հաղարծնում տեղի է ունեցել թեմի Երիտասարդաց միության անդրանիկ հավաքը, կազմավորվել է Երիտասարդաց միության Կենտրոնական խորհուրդ։

«Իջևան» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է նրա հեղինակային «Աստվածաշունչը մեր կյանքում» հաղորդաշարը։

Տավուշում իրականացրել է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը, որի շրջանակներում կիրակնօրյա դպրոցներ են բացվել Տավուշի 43 համայնքներում։

2017 թ-ի հուլիսի 25-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Բագրատ Սրբազանը նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:

Տավուշում հիմնել է երկու սոցիալ-կրթական կենտրոններ Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում։

Իջևան քաղաքում հիմնել է Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը։

2021թ-ից Լրատվական Ռադիոյում հեռարձակվում է Սրբազան Հոր հեղինակային «Ավետյաց երկրի տեսիլքով» հաղորդաշարը։

Արժանացել է Անգլիայի Թագուհի Եղիսաբեթ Բ-ի «Ադամանդյա հոբելյանի» մեդալի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» նախագահական 2-րդ աստիճանի մեդալի, ՀՀ Պաշտպանության նախարարության «Անդրանիկ Օզանյան» շքանշանի։

«Մոնթե Մելքոնյան» ռազմաուսումնական վարժարանի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, 2019թ. «Ավրորա» ֆորումի Բարի կամքի դեսպան:

2021թ-ի մարտի 9-ին  ‹‹Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ընտրվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

2023թ-ի փետրվարի 17-ին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից արժանացել է արքության պատվի։

Բագրատ Սրբազանը դասավանդում է Գևորգյան հոգևոր ճեմարանում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

Translate »