Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՕՎՍԱՆՆԱ ԲԱՐՁՐՅԱԼԻՆ. ԾԱՂԿԱԶԱՐԴ. ՏԻՐՈՋ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ

«Օվսաննա՜ Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով…»

Ծաղկազարդը մեր եկեղեցու Տերունի տոներից է, կատարվում է Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ, Ավագ շաբաթվա միաշաբթի (կիրակի) օրը: Նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագների՝ Հիսուսի Երուսաղեմ հանդիսավոր մուտքի  և Ղազարոսին հարություն տալու հիշատակությանը:

Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» : Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:

«Այսօրվա մեր զգացումները ոչնչով տարբեր չեն այն ժամանակից, երբ Հիսուսը մտնում էր Երուսաղեմ: Եթե մեր իրականությունը և այդ օրվա իրականությունն իրարից տարբեր լինեն և ոչ մի առնչություն չունենան, ոչ մի նշանակություն չի ունենա այսօրվա մեր փառաբանությունը: Հիսուսն ամեն օր է մուտք գործում: Այսօր մենք ուղղակի վերահաստատում ենք այն մեծագույն հոգևոր իրողությունը, որ ամեն օր տեղի է ունենում մեր կյանքում: Այսօր ոչ մարդիկ են փոխվել, ո՛չ էլ Աստված, և մենք նույնությամբ շարունակում ենք այդ կյանքը…»-Բագրատ Սրբազան

Translate »