ՏՈՆ ՍՐԲՈՑՆ ՈՐԴՒՈՑՆ ՈՐՈՏՄԱՆ․ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ԻՋԵՎԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 28-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Որոտման որդիների՝ Հակոբոս առաքյալի ու Հովհաննես ավետարանչի հիշատակը։ Տոնի առթիվ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Պատարագին ներկա էին Տավուշի թեմի ողջ հոգևոր դասը, երեցկանայք, ինչպես նաև զանազան ոլորտներում թեմին իրենց ծառայությունը բերող մարդիկ։ Բագրատ Սրբազանի խոսքերով՝ այս Պատարագով թեմում նոր ավանդույթի սկիզբ է դրվում․ «Այս օրերին, երբ տարին արդեն իր ամփոփումն է գտնում, մեր հոգևոր դասի հետ միասին որոշեցինք մի նոր ավանդույթ հիմնել մեր ողջ թեմի կյանքում․ տարին չամփոփած՝ մեր ընտանիքի Սուրբ Պատարագը մատուցելու, մեր եղբայրության՝ Հակոբոսի և Հովհաննեսի օրինակով, ընթրիքը անելու, և Տիրոջ խորհրդի մեջ ընթանալու դեպի Նոր Տարի և խոնարհությամբ դիմավորելու Իր Սուրբ Ծնունդը»։
Տավուշի թեմի առաջնորդը, ամփոփելով տարին, ընդգծեց, որ պետք է գործել և ապրել որպես մեկ ընտանիք և մեկ հավաքականություն․ «Մեր մաղթանքն է, որ կարողանանք իսկապես մեր առաքյալների՝ Որոտման որդիների նման եղբայրության խորհրդի մեջ ապրել»
«Մենք շատ անելիք ունենք՝ մեր ձեռքերը միասին, մեր սրտերը միասին, մեր հոգիները միասին։ Շատ անելիք ունենք, որովհետև տարիների երկարություն կա մեր առջև,և այդ տարիների երկարությունը լցնողը, ինչպես առաջին օրն ենք ասել, Քրիստոսին յուրաքանչյուր տուն տանելու ցանկությունն ու մղումն է»։