Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Լուսավոր օր․ 44֊օրյա պատերազմի նահատակ Մանվել Մանուչարյանի նորածին եղբոր` Էմմանուելի 40֊օրյա ընծայման կարգը

Էմմանուելը ծնվել է մեր Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին՝ հունվարի 6-ին։

Այսօր՝ Տիրոջ՝ Տաճարին ընծայման տոնին, երբ 40 օրական Հիսուսին ընծայեցին Տաճարին, այնպես էլ այսօր Հաղարծնի վանքում մեր Էմմանուելին ընծայեցինք։

Բազմաթիվ հարազատների հետ միասին արարողությանը ներկա էին նաև մեր մյուս նահատակի՝ Վահեի ծնողները՝ «Հավերժ» ՀԿ-ի համահիմնադիր Կարինե Մուրադյանը և Արթուր Եղիկյանը։

«Մեր տղերքն իրենց եղբայրներով ու քույրերով չեն վերածնվում, ամեն մեկն իր կյանքով ու պատասխանատվությամբ բացառիկ արժեք է։ Մեր Մանվելը հետ չի եկել, այլ մենք ենք գնալու իրեն տեսնելու, եթե արժանի լինենք։ Էմմանուելը նոր կյանք, նոր ծնունդ, նոր լույս, նոր արժեք է։

Մեծ խորհուրդ եմ տեսնում այստեղ, որ այդ ամբողջ ցավի ու տառապանքի մեջ Մանվելի մեկնելուց հետո այս լույսը ծագել է ձեր ընտանիքում և մեր ողջ ժողովրդի կյանքում։

Պատահական չէ, որ այսօր մեր սիրելի Վահեի ծնողներն էլ են այստեղ, որոնք ընկերակից, զինակից, զորակիցն են, այդ դառնության մեջ կիսում են այս ուրախությունը։

Մշտապես շեշտել եմ և այսօր էլ եմ ուզում շեշտել․ մեր տղաների նահատակությունը ընտանիքներին չի պատկանում, միայն իրենցը չի ոչ ցավը, ոչ դժվարությունը, ոչ էլ տառապանքը, դա մեր ընդհանրական նկարագիր ունեցող ողջ ժողովրդինն է։

Այսօր էլ Էմմանուելի ծնունդը դարձյալ մերը՝ բոլորինս է՝ ձեր կյանքից ծնված, ձեր սիրով ծնված։

Էմմանուել և Մանվել նշանակում է Աստված մեզ հետ է։ Մաղթում եմ, որ Էմմանուելը հենց այդ ճանապարհի մեջ աճի, մեծանա, սուրբ մկրտության արժանանա, իր եղբորն արժանի եղբայր ու մեր ազգին արժանի զավակ լինի։Թող մեր տղերքը երկնքում այսօր ուրախանան՝ տեսնելով այս համախումբ ներկայությունը։ Արսեն ջան, Լիլյա ջան, շնորհակալություն ձեզ՝ այս ծննդյան համար շնորհակալություն ձեզ, ձեր վեհության համար շնորհակալություն ձեզ։

«Ուժեղ» չխաղաք երբեք, այստեղ ուժեղության հարց բացարձակ չկա։ Առաքյալի խոսքերով՝ մեր զորությունը մեր տկարության մեջ է՝ թույլ տալու, որ Հոգին մտնի մեր կյանք ու Հոգին առաջնորդի մեր նավը, այնպես, ինչպես առաջաստանավն է առաջնորդվում տկար, թույլ կտորից պատրաստված առագաստով և մարդկանց տանում է փոթորիկների միջով, որովհետև այնտեղ Հոգին է»,- ասաց Բագրատ Սրբազան իր խոսքում։

Translate »