Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Գոշավանք

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք:

Այժմ Գոշավանքի վանահայրն է Տավուշի թեմի փոխառաջնորդ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը, վանքի և շրջակա համայնքների հոգևոր հովիվը արժանապատիվ Տեր Սեդրակ քահանա Աղասյանն է։

DSC 1170
Aperture: 5.6
Camera: NIKON D3300
Iso: 450
Orientation: 1
« of 6 »

Պատմություն

Ըստ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ վանքի առաջին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ «հրաշագեղ» փայտակերտ եկեղեցու օծմանը Հաղարծինի վանահայր Խաչատուր Տարոնացին Գոշավանքին նվիրել է երկու գյուղ և այգի:

1237–1241 թվականներին, գավթի հարավային պատին գրեթե կից, ամիրսպասալար Ավագ Զաքարյանի կառավարիչ Գրիգոր Տղա իշխանը կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ եկեղեցին, որին իր հարդարանքի արտակարգ ճոխության և նրբագեղության համար Կիրակոս Գանձակեցին անվանել է «զարմանակերտ»: Եկեղեցին, թեև փոքրաչափ, առանձնանում է Գոշավանքի ողջ համալիրում, և նրա հարդարանքը հայկական միջնադարյան դեկորատիվ արվեստի ամենատպավորիչ ստեղծագործություններից է: Վանահայր Մարտիրոսի օրոք (մինչև 1241 թվականը) գավթից հյուսիս, նրան կամարակապ միջանցքով հաղորդակից, կոպտատաշ խոշոր քարերով կառուցվել են վանքի փայտածածկ գրատունը և նրան արևմուտքից կից ժամատունը: 1254 թվականին, Մխիթար Գոշի դամբարանի մոտ, Խաչատուր վարդապետը և Բարսեղը կառուցել են խորանարդաձև ծավալով, գմբեթավոր Ս. Գևորգ եկեղեցին:

Գոշավանքը 13-րդ դարում եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները: Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը:

13-րդ դարում Գոշավանքը ստացել է բազում նվիրատվություններ՝ գյուղեր, այգիներ, վարելահողեր, անտառներ, ջրաղացներ, դրամ, գրքեր և այլն: 1242–1250 թվականներին Զաքարյան իշխաններն իրենց սեփականություն հանդիսացող Գոշավանքը, կալվածքներով հանդերձ, 40 հազար դուկատով վաճառել են Կարինից Արևելյան Հայաստան տեղափոխված ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ պարոն Ումեկին, որի ժառանգները մինչև 14-րդ դասի կեսը տիրել են վանքին: 1260 թվականին Գոշավանքը ազատվել է եկեղեցական տուրքից: 1291 թվականին վարդապետ Դասապետը և նրա եղբայր Կարապետը, ձեռամբ ճարտարապետներ Զաքիոսի ու Գրիգորի, գրատան փայտե ծածկը փոխարինել են երկու զույգ խաչվող կամարներ ունեցող համակարգով: Նրանք որպես երկրորդ հարկ կառուցել են Ս. Հրեշտակապետաց խաչաձև հատակագծով եկեղեցին և նրա վրա՝ սյունազարդ զանգաշտարակ (չի պահպանվել): Վանքի գրատուն-եկեղեցի-զանգակատունն օրինակ է ծառայել 14-րդ դարի հայկական երկհարկ եկեղեցիների համար:

Գոշավանքի համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում խաչքարերը, որոնց շարքում առանձնանում են վարպետ Պողոսի կերտած, ասեղնագործ նրբությամբ քանդակված զույգ խաչքարերը՝ դրված Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու արևմտյան ճակատի առջև, մուտքի երկու կողմերում (հարավային խաչքարը 1935 թվականին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան): Հյուսիսային կողմի՝ տեղում մնացած խաչքարը, ըստ արձանագրության, 1291 թվականին կանգնեցրել է Սարգիս վարդապետը: 13-րդ դարի վերջին Դասապետ վարդապետը և իր մորեղբայր Իգնատիոսը նորոգել են Ս. Աստվածածին եկեղեցին, պարըսպապատել, այգի տնկել, որի բերքի մի մասը հատկացվել է վանքի հյուրանոցին:

14–16-րդ դարերում Գոշավանքում վանական կյանքն անկում է ապրել և վերստին աշխուժացել 17-րդ դարում: 19-րդ դարի վերջին վանքը դադարել է գործել:

1890-ական թվականներին Սմբատ Փարսադանյանը նորոգել է Մխիթար Գոշի կառուցած Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին: 1937 թվականին նորոգվել է Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թվականին՝ Ս. Գրիգոր եկեղեցին, 1957–1966 թվականներին՝ Ս. Գևորգ և Ս. Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958 թվականին Մխիթար Գոշի դամբարանի մոտ նրան նվիրված հուշակոթող է կանգնեցվել, 1972 թվականին բացվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թվականին՝ բարեկարգվել վանքի տարածքը:

Վանական Համալիր

Եկեղեցին չունի արտաքին պարիսպներ և շրջապատված է գյուղական տներով։ Վանական համալիրի բոլոր կառույցները կցված են միմյանց բացառությամբ Սբ․ Հռիփսեիմե եկեղեցու, որը տեղակայված է վանական համալիրի դիմացը բլրի վրա։

Համալիրի կառույցները մեծամասամբ կառուցվել են 12-13-րդ դարերում, այդ ժամանակներում այստեղ եկեղեցական կյանքը ծաղկում էր ապրում։ Եկեղեցիները համահունչ են տեղի բնության հետ։ Սա հատուկ էր ժամանակի եկեղեցական ճարտարապետությանը։ Գոշի հիմնադրած Նոր Գետիկի վանքը հետագայում ընդլայնվեց, նմանվելով ժամանակի վանքային համալիրներին։ Այն բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց (1191), հետագայում եկեղեցու արևմտյան կողմում կառուցվել է ժամատունը (1200-1203)։ Վանական համալիրի հաջորդ եկեղեցին, որը կառուցվել է 1241 թվականին Սուրբ Գրիգոր եկեղեցին է։ Գոշավանքի հաջորդ եկեղեցին Սուրբ Լուսավորիչը կառուցվել է 13-րդ դարի կեսին։ Այս կառույցների կողքին իր յուրօրինակությամբ աչքի է ընկնում գրատուն-զանգակատունը։ 13-րդ դարում կառուցվել է ևս երկու շենք, դրանցից Սուրբ Հռիփսիմե փոքր եկեղեցին, իսկ հաջորդ կառույցը Գոշի բնակարանն ու դամբարանն է։ Գոշավանքը իր ոճի մեջ յուրահատուկ վանական համալիր է, այն իր մեջ ներառում է միջնադարյան ճարտարապետության ողջ վաստակը։ Գոշավանքի ենթաճյուղերից է համարվում Խորանաշատի վարդապետարանը։ Խորանաշատի վարդապետարանը հիմնադրվել է Հովհաննես վանականի կողմից, ով ուսանել է Նոր Գետիկի վանքում։ Հովհաննես Վանականը շարունակեց Նոր Գետիկի վանքում ձևավորված ավանդույթները։

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Սուրբ Աստվածածին եկեղեցին վանքային համալիրի առաջնեկն է, կառուցվել է 1191-1196 թվականներին՝ Մխիթար Հյուսն վարպետի կողմից՝ նյութական օժանդակությամբ Քուրդ և Խաչենի Վախթանգ իշխանների: Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, ավագ խորանին կից կրկնահարկ զույգ ավանդատներով և եռանկյունի զույգ խորշերով՝ հարավային և արևելյան պատերին: Մուտքերից գլխավորը գավթից է, մյուսը՝ հյուսիսային ճակատում: Արտաքին ճարտարապետությունը պարզ է: Ճարտարապետագեղարվեստական շեշտը կազմում են արևմտյան շքամուտքը և տարածական հորինվածքը պսակող մարմնեղ թմբուկի վերնամասով անցնող զարդագոտին: 1197 թվականին, Ծռազատկի օրը, Հաղպատի վանահայր Հովհաննես եպիսկոպոսի ներկայությամբ եկեղեցու օծման հանդիսությանը Զաքարյան իշխանները Գոշավանքին նվիրել են կալվածքներ, իսկ Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը՝ իր և դուստրերի գործած, Փրկչի ու սրբերի պատկերներով վարագույր, որը, Կիրակոս Գանձակեցու վկայությամբ, հիացրել է ամենքին:

Պատկերասրահ

Պատկերասրահը տեղակայված է գավիթի և զանգակատան միջև, որը կցված է հետևյալ կառույցներին։

Սուրբ Հռիփսիմե

Սուրբ Հռիփսիմե ժամատունը կառուցվել է 1254 թվականին, տեղակայված է հիմնական կառույցից հարավ-արևելք բլրի վրա։ Գոշավանքը Հաղածինի հետ միասին մտել է բնական հուշարձանների ցանկը և անցել պետական վերահսկողության տակ Դիլիջանի ազգային պարկում, որը համարվում է ամենակարևոր հատուկ պահպանվող տարածքը Հայաստանի հյուսիս-արևելքում։ Հռիփսիմե եկեղեցին իր բնույթի մեջ եզակի եկեղեցիներից է պարզ և անպաճույճ ճարտարապետությամբ՝ երկսեղան, անհամամասն ծավալով և մուտքով։ Սրանից քիչ վերև է տեղակայված Գոշի դամբարանը։

Ժամատուն

Ժամատունը (արևմտյան կողմից) կառուցվել է գլխավոր եկեղեցուց անմիջապես հետո՝ 1197-1203 թվականներին՝ աջակցությամբ Զաքարե և Իվանե եղբայրների(ճարտարապետ՝ Մխիթար Հյուսն): Պատկանում է քառասյուն ժամատների տիպին՝ արևելյան անկյուններում զույգ ավանդատներով: Ծածկի համակարգի համար բացի չորս սյուներից հենարան են ծառայում պատերին կից ութ որմնասյուները: Կենտրոնական հատվածը պսակված է երդիկով: Արտաքին և ներքին պատերը հարդարանքից զուրկ են: Այս կառույցը կրկնհարկ շինություն է, որի ներքևի հատվածում գործել է գրատունը, իսկ ահա գրատան վերին հարկում զանգակատունը, իր ձևի մեջ այն նմանություն ունի միջնադարյան մեկ այ վանական համալիրի՝ Հաղպատի գրատան հետ։

Սուրբ Գրիգոր եկեղեցի

1231 թվականին Մարտիրոս և Գրիգոր եղբայրները Գոշավանքի համալիրի հարավարևելյան կողմում կառուցել են գմբեթավոր դահլիճի հորինվածքով Ս. Գրիգոր եկեղեցին, որի շինարարությունն ընդհատվել է Ջալալեդդինի արշավանքի ժամանակ և ավարտվել Գրիգոր Կապալեցու ջանքերով:

Սուրբ Լուսավորիչ եկեղեցի

Սուրբ Լուսավորիչը Գոշավանքի երրորդ եկեղեցին է՝ կառուցված 1237-1241 թվականներին՝ ժամատան հարավային պատին կից՝ իշխան Գրիգոր Տղայի միջոցներով (ով սատար է եղել նաև Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցմանը): Այս գողտրիկ եկեղեցին իր ժամանակներում քիչ հանդիպող միանավ բազիլիկ տիպի է՝ երկլանջ կտուրի տակ առնված թաղակապ ծածկով: Վանքի մյուս եկեղեցիներից տարբերվում է նաև արտաքին պատերի բացառիկ դեկորատիվությամբ, նրբակերտ զարդաքանդակներով ու ճարտարապետական տարրերով: Առանձնապես ուշագրավ է արևմտյան պատի մշակումը գեղեցիկ շքամուտքով, պատերի դեկորատիվ կամարների ու անցումային կիսակամարների (ինչպես Դեղձուտի վանքի եկեղեցու) և արևելյան պատի լուսամուտի հարուստ ձևերով:

Գրատուն-զանգակատուն

Գրատուն-զանգակատուն, այս կրկնահարկ շենքը ճարտարապետական տեսակետից ուշագրավ հուշարձան է: Շինության գրատունը կառուցվել է 1241 թվական, զանգակատունը՝ 1291 թվական: Գրատան մասը նման է Հաղպատի վանքի գրատանը: Քառակուսի հատակագիծ ունեցող շենքում հանդիպակաց ներքին պատերն իրար են կապված զույգ ցածրադիր որմնամույթերին հենվող հուժկու կամարներով, որոնք ներքին տարածության վերնամասում փոխադարձաբար հատվելով՝ կրում են գրատան ծածկը և նրա վերնաշենք-զանգակատունը: Գրատան ներսի պատերում կան խորշեր` ձեռագրեր պահելու համար: Գրատան վրա հավելված զանգակատունը լիովին ներդաշնակվում է գոյություն ունեցող ներքնահարկի հետ, և միասին հիմք են ծառայել կրկնահարկ եկեղեցի-դամբարանների (Եղվարդի Ս. Աստվածածին, Ամաղու Նորավանքի Բուրթելաշեն, Կապուտան) հատակագծային և ծավալատարածական հորինվածքի կազմավորման համար: Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում սրա ծածկի կենտրոնական մասի կառուցվածքը, որտեղ անցումը դեպի բազմանկյունի լայն երդիկը կատարված է շեղակի դրված քարե հեծանների միջոցով, որոնք իրենց միջին մասերում ունեն եռատերև փորվածքներ (ինչպես գեղագիտական, այնպես էլ վերին լույսը ավելի լայն անկյունով սփռելու նպատակով):

Խաչքարեր

Հուշարձանախմբի զարդն են կազմում մեծատաղանդ Պողոս (Պաւղոս) քարագործ-վարպետի կողմից 1291 թվականին կերտած և Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի երկու կողմերում պատվանդանի վրա կանգնեցված խաչքարերը՝ զարդաքանդակված ոսկերչական նրբությամբ, որի պատճառով էլ «ասեղնագործ» մականունն են կրում: Այսպիսի մի խաչքար էլ կանգնեցված է Սուրբ Հոգի կոչված մատուռի մուտքի աջ կողմում: Հանդիսանալով հայկական խաչքարերի լավագույն նմուշներ ու միջնադարյան հայ զարդարվեստի գլուխգործոցներ՝ այդ խաչքարերը լայն ճանաչման ու բարձր գնահատանքի են արժանացել:

Translate »