Այս տարի տոնում ենք միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոններից մեկի՝ Խորանաշատի վանքի 800-ամյակը։ Այս առիթով Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Խորանաշատի վանքում 1224թ-ին ստեղծված Ավետարանը կտեղափոխվի Խորանաշատի վանք։
Այսօր Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին հաջորդեց «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսի բացումը. ներկայացված են Խորանաշատի վանքում ստեղծված ձեռագրերի նմուշներ։ Սրանով ազդարարվեց Խորանաշատի 800-ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 24-ը։
Միջոցառումները կշարունակվեն մայիսի 28-ին և 29-ին։ Մայիսի 28-ին Խորանաշատի վանքում կմատուցվի եպիկոպոսական Սուրբ Պատարագ։
«Ժամանակին Խորանաշատը գտնվում էր Հայաստանի սրտում, պատմության հոլովույթում այն դարձել է սահմանապահ վանք` ուղղակիորեն գտնվելով թշնամու դիրքերից մոտ 100մ հեռավորության վրա։ Վանքից մոտ 150մ վեր գտնվում է Վանական վարդապետի շիրիմը, որն է՛լ ավելի մոտ է սահմանագծին։
5 տարի առաջ Խորանաշատում, երկարդարյա ընդմիջումից հետո, Սուրբ Պատարագ մատուցվեց։ Բայց չմատուցվեց սովորական Պատարագ, այլ եպիսկոպոսական Պատարագ՝ թեմակալ առաջնորդի ձեռամբ։
Այս տարիների ընթացքին պարբերաբար և՛ Պատարագ ենք մատուցել, և՛ հոգևոր զանազան արարողություններ ենք կատարել՝ մեր զինված ուժերի մասնակցությամբ և պահպանությամբ։
Մեզ համար շատ կարևոր է հենց մայիս 28-ը, որովհետև այդ օրը մենք այլ տեղ չենք կարող լինել, քան մեր պետության սահմանագլխին գտնվող վանքում, որը ոչ միայն հոգևոր արժեք է, ոչ միայն կրթական ու մշակութային բովանդակության կրող է, այլ նաև իր ֆիզիկական ներկայությամբ վկայում է մեր պետականության սահմանի մասին։ Այս պատճառով մայիս 28-ը հռչակեցինք Խորանաշատի վանքի ուխտի օր։
Այս՝ արդեն 5-րդ տարում, երբ նշվում է Խորանաշատի 800-ամյակը, մայիս 28-ին մենք մեր ուխտն ու հանձնառությունն ենք վերանորոգելու մեր հոգևոր կյանքի հանդեպ՝ հավատարմություն հայտնելով մեր Աստծուն, մեր հայրերին, մեր ժառանգությանը, մեր ինքնությանը և անելիքներին՝ թե ինչ և ինչպես ենք անելու։ Սա անչափ կարևոր է մեզ համար։
Խորանաշատի 800-ամյակը մեզ համար ուղղակի հիշեցում չի լինելու՝ հիշեցինք, անցանք առաջ, այն լինելու է մեր կյանքի վերատեսության կարևոր հանգրվաններից մեկը։
Գոշավանքն է Խորանաշատի վանքի մայրը՝ Մխիթար Գոշի աշակերտ Վանական վարդապետն է Խորանաշատի հիմնադիրը։ Գոշավանքը, Խորանաշատի և մի շարք այլ վանքերի մայրը լինելով, առանց պետականության, առանց բազմահազար փորձագետների և մասնագետների, շուրջ 250 տարի մեր հոգևոր, գիտական, կրթական կյանքը պահել՝ Գոշավանքից հասցնելով մինչև Տաթևի վանք»- ասաց Բագրատ Սրբազանն իր խոսքում։
«Խորանաշատ 800-ամյակի» նախաձեռնող խմբի համակարգող Գևորգ Սաղոյանը, ով ծնունդով Չինարեցի է (Խորանաշատի վանքը գտնվում է Չինարի գյուղի բարձունքին), իր խոսքում ասաց – «Ժամանակին այս վանքն անհասանելի էր և միայն զինվորականներն էին կարողանում այցելել վանք։ Տարիների ընթացքում մեր փառապանծ բանակի և շրջակա համայնքների բնակիչների շնորհիվ այսօր ունենք իրավիճակ, երբ կարող ենք Պատարագ մատուցել ու միջոցառում կազմակերպել վանքում»։
«Կիրակոս Գանձակեցուց իմանում ենք, որ Խորանաշատը եղել է միջավայր, որտեղ մարդիկ եկել են ոչ միայն իրենք հոգևոր կյանքը հղկելու, միտքը զարգացնելու, այլ Վանական վարդապետը ներկայությունը, շարժուձևը արդեն անգիր օրենք էր աշակերտների համար»- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Ասուլիսին մասնակցում էին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, գիտական քարտուղար Վահե Թորոսյանը։ Մատենադարանի կողմից պատրաստվել և հրատարակվել է Խորանաշատի 800-ամյակին նվիրված պատկերագիրք, որի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 28-ին։
Շնորհավո՛ր տոնդ, Խորանաշատի վանք, Շնորհակալությո՛ւն քեզ, Վանական վարդապետ,Սիրելի՛ վարդապետ, բարեխոս եղիր Տիրոջը Հայաստան աշխարհի հարատևության համար։