Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Թող Այս Գիշեր

Թող այս գիշեր Բեթղեհէմի Աստղի լոյսից
Ծնուեն բազում նոր տեսիլներ՝ երազանքներ,
Թող նորոգուեն ու նորանան
Յուսալքուած բազում սրտեր ու հոգիներ,
Թող, որ Լո՛յսը դառնա ճամփա,
Յոյսը՝ ընկեր ու բարեկամ,
Կամքը՝ կամար,
Սիրտը՝ հրե մի թոնրատուն,
Անվերջ թխուող Սիրո համար:

Թող այս գիշեր խինդը Մանկան ճայթի ամբողջ տիեզերքում,
Հրաւիրող աստուածային մի հրաշքով,
Թող տուն դառնան պանդուխտները,
Սրտաւորուեն՝ բեկուածները,
Նորալցուեն՝ հոգնածները,
Ապաքինուեն՝ խոցուածները,
Յուսաւորուեն՝ լքուածները,
Վերընձիւղուեն՝ զատուածները,
Նորագործուեն՝ անյուսութեամբ յուսակարոտ հոգիները,
Եւ վերջապէս,
Սիրառատուեն՝ սիրուց պարպուած
եւ կամ նաեւ երբէք, երբեք Սէր չը տեսած՝ չը ճաշակած,
Ժայռաբեկոր ու խղճալի մեղկ սրտերը դառնան մսուր մանկան համար,
Ու մանկանան Մանկան նման:

Թող այս գիշեր էլ ոչ մի մայր չը հառաչի իր զաւակի բաժանումից,
Ոչ մեկ զաւակ չը որբանայ,
Եւ վերստին ծնունդ առնեն արշալոյսներն հորիզոնի,
Թող երկիրը երկինք դառնայ,
Հունաւորը՝ անհունաւոր:

Թող այս գիշեր խնդայ ամբողջ տիեզերքը որպէս հզօր մի հոգեշարժ,
Եւ թող լցուի մե՛ր եզերքը՝ անդաւաճան խոստումներով,
Եւ մենք՝ որպէս արձագանքը
Տիեզերքի յաւերժացնող, համազանգի թրթիռներից կաթող սիրոյ,
Թող այս գիշեր, մե՛նք իսկ դառնանք հրեշտակներ ու հովիւներ,
Թող Ծնունդ տանք Մարիամի պէս
Եւ հիանանք նրա յանգոյն,
Թող Յովսէփի նման մե՛նք էլ
Խայտանք խոհուն, լուռ բերկրանքով,
Անհոգնաբեկ մոգերի հետ քայլենք անվերջ,
Դեպ լուսաւոր հանգրուանը խաղաղութեան եւ յաւերժի,
Եւ թող յաւէտ օրհնեալ լինի յայտնութիւնը ի՛մ Յիսուսի:

Բագրատ եպիսկոպոս Գալստանեան

26219465_1747519315558000_8124270701821102818_n
« of 12 »
Translate »