Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԱՂՋՆԱԿ ՀՌԻՓՍԻՄԵԻ ՀԱՎԱՏՔԸ՝ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱԶԳԻ ԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ․ ՀՌԻՓՍԻՄՅԱՆՑ ՏՈՆ

Այսօր՝ հունիսի 5-ին՝ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնին, Պատարագ մատուցվեց սահմանապահ Այգեհովիտի՝ 17-րդ դարում կառուցված Ս. Հռիփսիմե եկեղեցում։ Եկեղեցու Սուրբ սեղանի վերաօծումը կատարվել է 2 օր առաջ, և սա առաջին Պատարագն էր նորաօծ Սուրբ սեղանին։

Մեր հոգևոր հայրերի առաջնորդությամբ Սուրբ Հռիփսիմյանց կույսերի մասունքակիր խաչից օրհնություն ստացան այգեհովիտցիները և հարակից գյուղերի բնակիչները։ Պատարագիչը Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանն էր։

Պատարագից հետո կատարվել Անդաստանի կարգ՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը։ Այգեհովիտցի ռուսաստանաբնակ Ամիր Ղևոնդյանի կողմից մատուցվեց մատաղ։

———

Գեղեցկուհի Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, ով Գայանե մայրապետի առաջնորդությամբ եկել էր Արարատյան երկիր` Հայաստան՝ չցանկանալով ամուսնանալ Հռոմի կայսեր հետ։

Հայոց Տրդատ արքան, տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը, ինքը ցանկացավ տիրանալ Հռիփսիմեին: Չկարողանալով տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին՝ հրամայեց սպանել բոլոր կույսերին:

Կույսերը նահատակվեցին։ Նրանց նահատակությունից հետո 13-ամյա բանտարկությունից ազատ արձակվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով կոչված էր Քրիստոսի լույսը տարածել Հայոց աշխարհում:

Նահատակ կույսերի նշխարները նահատակությունից 9 օր անց գտավ և հողին հանձնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

« of 2 »

Translate »