Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Անկախության Հռչակագրի ընդունման 30-ամյակ․ Բագրատ Սրբազանի քարոզը

Այս ընթացքում մենք ունեցել ենք և՛ ձեռքբերումներ, և՛ կորուստներ, ունեցել ենք մեծ նվաճումներ, ունեցել ենք մեր հայրենիքի մի մեծ հատվածը հետ վերադարձնելու մեծ ճանապարհորդություն, ունեցել ենք զանազան դժվարություններ, տառապանքի ուղիներ, և կրելով այդ բոլորը՝ տեսիլքն ենք ունեցել պետություն և պետականություն կառուցելու. երբեմն և միգուցե շատ հաճախ դավաճանել ենք այդ տեսիլքին, ինքնախաբեություն ենք ունեցել, սակայն այդ ամենով հանդերձ նաև պետական կառույցներն ենք ստեղծել։ Շատ բան ենք ստեղծել մեր իրականության մեջ, որից չենք կարող հրաժարվել։ Ստեղծել ենք և՛ բարին, և՛ չարը, որից մենք իրավունք չունենք հրաժարվելու։ Եթե ընդունելու ենք բարիքի ստեղծումը, ուրեմն մենք անխուսափելիորեն կոչված ենք նաև ընդունելու այն վատն ու չարը, որ դարձյալ մենք ենք ստեղծել։ Եթե չենք ընդունելու երկրորդ բաժինը, ապա առաջինն իմաստ չունի, որովհետև դրա գնահատականը չենք կարող տալ:

․․․ Միայն հռչակելը բավարար չէ, հռչակելը՝ որպես ակտ, որպես փաստ, երևույթ, այլ առավել կարևոր է նաև այդ հռչակվածի համաձայն ընթանալը և գործելը: Միայն հռչակելը բավարար չէ, որպեսզի այդ սկզբունքները բարի լինեն. դրանք կարող են մեռած գրեր լինել, եթե չգործադրվեն։

․․․ Տեսիլքը դառնում է պատասխանատվություն. պատասխանատվություն՝ ամեն քայլի, ամեն իրականացված կամ չիրականացված գործի հանդեպ, այլապես գիրը կսպանի․ թուղթը կմնա թուղթ, հռչակումն էլ կմնա հռչակում, եթե այդ բոլորը մեր կյանքում չիրականացնենք և չկիրառենք։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »