Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բագրատ Սրբազանի խոսքը «Ազգային ինքնություն և ընտրանի» համաժողովին

Սուտը մեր ինքնության կարևոր մասն է կազմում։ Սուտը որպես պատկեր, կեղծիքը որպես պատկեր, ձևը որպես պատկեր մեր ինքնության մաս է կազմում շատ խորքային իմաստով։ Լավագույն օրինակը՝ Արտաշես արքա և Տիգրան Մեծ։ Ինչո՞ւ է անտեսված Արտաշես արքան, և ինչո՞ւ ենք այդքան պանծացրել Տիգրան Մեծին։ Հաղթանակող, պետականության հիմքեր ստեղծող, ամրագրող, համակարգը ձևակերպող, ի վերջո՝ ինքնության առաջին ծիլերը դնող, որի բարձրագույն արտահայտությունը պետականությունն է՝ իր բովանդակության, իր կերպով ու ձևով (Արտաշես արքա), մյուս կողմից՝ վերջնարդյունքով պարտության խորհրդանիշ եղող, քայքայված ընտանիքով, մեծացրած և փոքրացրած հայրենիքով, պետական ինստիտուտների քայքայելով, և դրա շարունակականությունը՝ դեպի աղետ տանող պատկերն է (Տիգրան Մեծ)։

Երկրորդը գնահատված, պանծացված, մեր ինքնության լավագույն, մեծագույն մասը դարձած, առաջինը՝ ընդհանրապես անտեսված։ Սա խոսում է այն մասին, թե մենք ինչպես ենք գնահատում իրողությունները, որն է մեզ համար բարձրագույն արժեքը։

Այստեղ նաև մեր ազգային նկարագրի հոգեբանական խնդիրն է՝ զգացմունքայնությունը․ մենք մտածում ենք ժամանակի կարճ հատվածի մասին՝ իրականացնելու, վերջացնելու, ամփոփելու, հոգ չէ, թե հետո ինչ տեղի կունենա։ Դրա լավագույն վկայությունը մեր 30-ամյա հաղթանակն էր, որը մեկ վայրկյանում փոշիացվեց։

Այդ ձեռքբերումը որպես պետականության հաղթանակ, որպես ազգային նկարագրի հաղթանակ մենք չկարողացանք որևէ ձևով ամրագրել, խորացնել, մեծացնել։ Մենք տուրք տվեցինք մեր սովորական ՍՏԻՆ և ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅՆՈՒԹՅԱՆԸ, որի արմատները, նորից եմ ասում, շատ խորն են:

… Մեր կյանքի զարգացման, ինքնության ամրագրման գաղտնիքը շարունակականության սկզբունքն է։ Մենք անընդհատ գտնվել ենք պետականության ընդհատումների, բայց ներքին բովանդակային իմաստով շարունակականության բարակ թելը պահելու եկեղեցու առաքելության մեջ։

Եկեղեցին մշտապես մտածել է ոչ թե 1-2 տարվա մասին, այլ հարյուրամյակների մասին։ Ինքնության հետ կապված եկեղեցու գերագույն խնդիրը եղել է երկու բան՝

1. ժողովրդին պահել իր սեփական կենսատարածքի վրա, ինչպիսի գին էլ որ դա պահանջելուց լինի, թույլ տվեք ասելու, միգուցե նաև գերության ամենածայրագույն աստիճանը,

2. պետականության տեսիլքը։ Գաղտնիքը մեկն է․ մենք անընդհատ խոսել և խոսում ենք անհատական ջանքերի, անհատական դրսևորդումների, փոքր խմբերի տեսիլքների, երազանքների մասին, բայց երբեք և երբեք չենք անդրադառնում պետությանն և պետականությանը՝ որպես ազգային ինքնության, արժեքների բարձրագույն կրողը:

… Մեր պատկերացումներով ինքնություն չունեցող ԱՄՆ-ն պանծացնում է ինքն իրեն՝ որպես առանցք ունենալով իրենց դրոշը։ Իսկ քանի՞ գույն է մեր դրոշը՝ կարմիր, կապույտ նարնջագո՞ւյն, թե՞ կարմիր, կապույտ, դեղին, թե՞ կարմիր, կապույտ, ծիրանագույն, թե՞ այլ։

Ինչպե՞ս է պանծացվում մեր դրոշը, ի՞նչ հպարտություն ենք մենք զգում այդ դրոշից, մեր ինքնությունն ինչպես է նույնանում այդ դրոշի արտահայտության հետ։

․․․ «Ընտրված ազգ» և «Վասն մեղաց մերոց» Մենք անընդհատ խուսափել ենք ընտրված ազգ լինելու գաղափարից։ Մենք ենք մեզ քննադատել, ասելով, որ մենք ֆաշիստ չենք։ Բայց ո՞վ է ասում, որ ընտրված ազգ լինելը ֆաշիստության հետ կապ ունի։ 5-րդ դարը ձևակերպել է մեր կյանքի՝ ընտրված ազգ լինելու սկզբունքները։

Մեր բոլոր պատմիչները դրա մասին են խոսում․ Խորենացու հանրահայտ խոսքը՝ հյուսիսական ազգերի մեջ բարձրագույն լինելու սկզբունքն ու գաղափարը, Խորենացու ՝ հայ ժողովրդին Սուրբ Գրքի ակունքները տանելու և այնտեղից ծնեցնելու, բխեցնելու գաղափարը, Մեսրոպ Մաշտոցի վարքագիր Կորյունը Ասքանազյան ազգի մասին է խոսում, մեծ վարդապետին համեմատում է Մովսես մարգարեի՝ ազատության սիմվոլի հետ։ Ընտրված ազգ լինելու դրվագներն ամենուր են։ Առաջ գնալու համար մենք պետք է հետ գնանք։

Գնանք ուսումնասիրելու՝ ինչ են արել մեր հայրերը, ինչպես են վարվել, և՛ անելիքները, և՛ չանելիքները հասկանալ։ Եվ այդ հետ գնալու ճանապարհի մեջ մեր հայրերը մեզ ասում են՝ բոլոր աղետները գալիս են մեզ վրա ՎԱՍՆ ՄԵՂԱՑ ՄԵՐՈՑ։ Ուրիշ տեղ մի փնտրեք։ Անդրանկություն վաճառած լինելու պարագան է․ Սուրբ Գրքում Հակոբի և եղավի ներքին կոնֆլիկտն էր, երբ Եսավն իր անդրանկությունը վաճառեց «մի կտոր հացով»՝ մեկ աման ճաշով։

Հայության նկարագրի մաս է կազմում, մանավանդ այսօր, «մի կտոր հաց» վաստակելու յադ արգահատելի գաղափարաբանությունը։ Հոգևոր ճգնաժամ, արժեքների ճգնաժամ, մեր բոլոր աղետներն այդտեղից են գալիս։

․․․ Ցեղասպանության միջից, հետևանքով և հետո Աստված կարծես թե մեզ հնարավորությունը տվել էր վերականգնվելու․ մեր ինքնության վերջին 100 տարվա խոսակցությունը եղել է ցեղասպանության շուրջ, եղել է արդարության վերականգնման շուրջ, հայրենազրկված լինելու շուրջ, բայց դարձյալ մնացել է զգացմունքային տիրույթում։ Այն չդարձավ մեզ համար գործիք, չդարձավ համակարգ էլիտայի ձևավորման և ձևակերպման համար, որի մեջ բարձրագույն արժեք է կրթությունը։ Ժամանակը հիմա էլ է, ոչ մի անգամ ուշացել, ես անցյալով չեմ խոսում։

Translate »