Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Գոշավանք․ Սահմանադրության օր․ Բագրատ Սրբազանի քարոզը

Այսօր Հայաստանի Հանրապետության՝ անկախ պետության սահմանադրության հաստատման օրն է։ Հենց այս պատճառով էլ, ավանդության համաձայն, գտնվում ենք Գոշավանքում՝ Մխիթար Գոշի հովանու ներքո, ով առանց պետություն ունենալու, առանց որևէ պետական ինստիտուտի աջակցության, առանց բազմահազար մասնագետների և փորձագետների ներգրավվածության, առանց համաշխարհային տարբեր կազմակերպությունների, ինստիտուտների, միջազգային նշանավոր հաստատությունների, խորհրդատվական մաիմինների միջամտության և մասնակցության գրեց իր տեսակով առաջին հայոց օրենսգիրքը, այսօրվա լեզվով ասած՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, որը կոչվում է «Գիրք Դատաստանի» կամ «Դատաստանագիրք»։

․․․Այստեղ է ամփոփված Մխիթար Գոշը, ով հեղինակել է հայոց պետականության տեսիլքը, ով հեղինակել է մարդկանց միջև հարաբերությունների կարգը, ով խոսել է մարդկային հավասար իրավունքների մասին, ով խոսել է հարկային համակարգի մասին, արդար կյանքի, արդար բաշխման, պետական համակարգերի և քաղաքացիների հարաբերության մասին դեռ 12-13-րդ դարերում։

․․․Մխիթար Գոշի բոլոր գործողությունների հիմքը եղել է անսասան հավատքը, բոլոր գործողությունների հիմքը եղել է Քրիստոս։ Ուրիշ ոչ մի բան և ոչ մի արժեք, այլ բացարձակ արժեք որ ՔՐԻՍՏՈՍ Է։ Եվ այդ պատճառով է, որ այդ ծնվածը, այդ կանոնագիրքը, սահմանադրությունը «Դատաստանագիրք» անունով դարձել ոչ կիայն մեր ժողովրդի սեփականությունը, այլ ծառայել շատ այլ ժողովուրդների։

․․․Մենք երկու բանի կարիք ունենք․ – Իսկապես ճանաչել Աստծուն՝ Քրիստոսին, որպես անփոփոխ բացարձակ արժեք՝ Նրան դարձնելու հիմքը մեր բոլոր հարաբերությունների, ապրումների, զգացումների – Եվ այնտեղից բխած՝ գնահատել ինքներս մեզ, գնահատել որպես երկնքի արքայության աշակերտող, ճանաչող օրենսգետներ։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »