Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (ՆԱՐԵԿ) ԲԱՆ Ա

 

 

 

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

ԲԱՆ Ա

Ա
Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն ահա´,
Դեպ երկինքն ի վեր՝ քեզ եմ ընծայում,
գաղտնատե´ս Աստված.
Եւ իմ սասանյալ հոգու իղձերի պտուղն այրվող՝
Անձս տոչորող թաղծության հրի վրա դնելով՝
Կամքիս բուրվառով առաքում եմ ք´եզ:
Նայի´ր ո´վ գթած, հոտոտի´ր դու այն առավե´լ սիրով,
Քան պատարագը բոլորանվեր,
մատուցված ծխով ամենաառատ:
Ընդունիր այս պարզ ու սեղմ խոսքերիս շարադրանքը դու
Հաճությամբ հոժար եւ ո´չ բարկությամբ:
Բանավոր զոհիս նվերն այս սրտանց
Մեղքերիս պարարտ ճարպի զորությամբ ողջակիզվելով,
Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենյակի խորքից
Բարձրանա եւ քեզ հասնի անհապաղ:
Եվ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզո´ր,
Թող որ տաղտկալի չթվա քեզ այդ,
Ինչպես ամբարիշտ Հակոբի ձեռքերի կարկառումն ի վեր,
Որի դեմ բողոք ՝ գրել Եսային
Եվ կամ ինչպես անիրավությունը Բաբելոնի՝
Սաղմոսի յոթանասուներկուերորդ առակում ասված:
Այլ ընդունիր այն կամովին, ինչպես խունկն հաճոյական,
Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մեջ այն,
Որը նոր շուքով վերանորոգված՝ Դավիթը կանգնեց
Հանուն գերեդարձ այն տապանակի ,
Որ նման է իմ կորուսյալ հոգու վերստին գյուտին:

Բ
Բայց եւ ահավոր ձայնը հատուցման քո դատաստանի
Վրեժխնդրության ձորում ուժգնապես հնչելով ահա,
Երկնում է իմ դեմ մարտի մաքառման գրգիռներ կրկին,
Այժմվանից եւ իսկ զգում եմ իմ մեջ
Էությունս հուզող շարժումներ հերհակ
Ու խուռն ամբոխվող խռովություններ:
Եվ չար ու բարի խորհուրդներ զինված սուր ու սուսերով՝
Բախվում են ընդդեմ իրարու դարձյալ,
Ինձ մահվան գերի դարձնելով համակ,
Ինչպես երբեմն, երբ դեռ չէր հասել քո շնորհը ինձ:
Առաքելական դասի մեջ Պողոսն՝ ընտրելագույնը,
Մովսեսի օրենքն այս շնորհի հետ համեմատելով,
Քրիստոսի բերած փրկությունն հաղթող է հայտարարում:
Զի եթե ճիշտ է, որ մոտ է Տիրոջ օրն, ինչպես գիրքն է ասում,
Հրապարակի մեջ Հովսափաթի եւ կամ Կեդրոնի հովտում նեղանձուկ,-
Դատաստանի փոքր հանդիսատեղի եւ ժամադրավայր,
Որոնք երկրային երեւույթներով պատկերացնում են հանդերձյալ ինձ պարզ,
Ապա եւ ինձ է մոտեցել հավետ թագավորությունն մարմնացյալ Աստուծո,
Որը ենթակա պիտի գտնի ինձ մեծապես ծանր հատուցումների,
Այն բազմապիսի մեղանչումների համար իմ բոլոր,
Որոնք հիրավի ամբաստանելով՝ դատեն ինձ պիտի ավելի սաստիկ,
Քան թե բարձրացող Նրա ձեռքն հուժկու,
Որ մի ժամանակ եդովմայեցի եւ փղշտացի եւ այլ բարբարոս ազգերի զարկեց:
Եւ, սակայն, նրանց չարչարանքները կարճատեւ եղան,
Մինչ իմ մեղքերի պատիժը ո´չ վերջ ունի, ո´չ սահման:
Վախ, գուբ, որոգայթ անճողոպրելի,-
Ըստ մարգարեի եւ առակողի,-
Սաստիկ տագնապով դուռս ափ առած՝
Մշտնջենական ամոթն են իրենց գծագրում արդեն:
Եվ արդ, միայն դո´ւ կարող ես գտնել հրաշագործ դեղեր,
Ի կյանք կոչելու հոգիներն ամեն՝ մատնված վարանման ու տարակույսի,
Քավի´չ բոլորի, անսահմանելի բարձրությանդ մեջ
Քո անճառ փառքոց գովվա´ծ հավիտյան:

Translate »