Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (ՆԱՐԵԿ) ԲԱՆ Դ

 

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

ԲԱՆ Դ

 

Ա

Եվ քանզի խոսել սկսեցի քեզ հետ,
Որ կենդանի շունչն ունես ձեռքիդ մեջ բազմամեղ հոգուս`
Սարսում եմ սաստիկ տագնապով իրոք ու դողդողում եմ երկյուղից ահա’,
Զի հիշելն անգամ քո անխուսափելի և անաչառ դատաստանի մասին,
Ուր պիտի մեղքերն իմ կշտամբվեն, ով Արարիչ երկնի և երկրի,
Ահավոր է և անպարփակելի ու վեր ամեն սահմանումից:
Մա նա վանդ, որ չկա բժշկություն իմ բազմավտանգ, անողջանալի սաստիկ վերքերին,
Որոնք ստացա հոգիս կորստյան մատնո ծղի մահաբեր ժանիքներից
Եվ չիք պատասխան <պատերազմի օրն>,- ըստ առակողի:
Հնար չի լինի ո’չ խոսքով արդարանալ, ո’չ վերարկուի տակ պահվել,
Ո’չ դիմակավոր` կեղծել և ո’չ երեսպաշտ խոսքերով մոտենալ,
Ո’չ շինծու ձևերով խաբել, ո’չ կցկտուր բառերով ստել,
Ո’չ արագոտն փախչել, ո’չ թիկունք դարձնել,
Ո’չ երեսն ի վայր` դեմքն հողին քսել,
Եվ ո’չ էլ երկրի խորքերում թաքնվել,
Քանզի ծածկվածները բաց են քեզ համար և
աներևույթներն` հրապարակված:
Արդարությունն իմ նվազել է իսպառ և ունայնացել,
Մեղքերս հայտնի են դարձել և շատացել են է’լ ավելի,
Մնացական են չարություններն իմ, և ես’ կորստական.
Իրավունքի կշիռն է պակասած, և անիրավությունն իմ` միանգամից զորացած.

Բարեգործո թյան պտուղներն են հալած, և
սխալմունքներն արձանացած.
Ավանդն է կորած, և դատակնիքն այժմվանից գտնված.
Մահվան մուրհակն է գրված, և ավետման կտակն եղծված.
Բարերարն է տխրած, և բանսարկուն ուրախացած.
Հրեշտակների գունդը թախծած, և սատանան խնդասիրտ պար բռնած.
Վերնական զորքը ողբի մեջ, և երկյինները բերկրած.
Սպանո ղի մթերանոցն է լի, և պահպանողի գանձը կողոպտված.
Օտարի մասն է կանգուն, և Ստացողի պարգևը` մատնված,
Ստեղծողի շնորհն է մոռացված, և կորուսչի ծուղակները պահված.
Փրկչի երախտիքն է հեգնված, և Բելիարն է զվարթացած.
Կենաց աղբյուրն է փակված, և գոռոզի ժանգը ժանտիս հասած:

Բ

Եվ արդ, ինչպես Գիրքն է ասել դեռ առաջուց,
Ցանկալի չէ՞ր արդյոք չստեղծվել երբեք արգանդի մեջ,
Չձևավորվել որովայնում և չծնվել,
Ո’չ մարդկանց թվում գրվել և ո’չ աճել, առնել հասակ,
Ո’չ գեղեցիկ պատկերով զարդարվել և ոչ էլ օժտվել խոսելու ձիրքով,
Քան թե ենթարկվել այսպիսի սաստիկ ու սարսափելի ծանրու թյունների,
Որոնց չեն կարող դիմանալ կարծր քարերը նույնիսկ,
Էլ ուր կմնան մարմինները լույծ:

Գ

Ուստի, բարեգութ, աղաչում եմ քեզ, տուր ինձ ողորմություն,
Դու, որ քո խոսքերով սահմանեցիր մեզ վարվել այսպես,
Ասելով.- Տվե’ք այդ նվերն Աստծուն` ձեր փրկության համար,
Ու մաքրվեցեք, քանզի ողորմություն եմ ուզում ես և ո’չ պատարագ:
Այդ խոսքդ հիշելով, բարձրացի’ր ահա վերստին, խնկված,
Դու, որ ունես ամեն ինչ և ամեն ինչ քեզանից է.
Քեզ փառք բոլորից. ամեն:

Translate »