Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (ՆԱՐԵԿ) ԲԱՆ Զ

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

ԲԱՆ Զ

 

Ա

Բայց ի՞նչ բարիք ինձ և կամ ի՞նչ օգուտ,
Եթե շարելով տողերն այս ողբիս ես հուսալքվեմ
Ու դուրս չթափեմ խոսքի խարանով
Մահացու վերքիս շարավն ամբարված,
Եվ կամ սրտիս մեջ կուտակված ցավի,
Հոգեկան խիթի ծանրությունն ամբողջ
Զզվանք պատճառող մատնամխությամբ ի դուրս չփսխեմ:

Բ

Եվ քանզի արժանի չեղա պարծենալու փառքով սրբերի հետ,
Որոնց բերանները լի են ծիծաղով, և շրթունքները` ցնծությամբ,
Ըստ առակողի և սաղմոսողի,–
Ուստի և երկրորդ կարգին դիմեցի,
Որպեսզի այստեղ հիշատակեմ ես իմ նմաններին,
Թեև իմ բարքի թերությունների հետ համեմատած`
Նույնիսկ նրա՛նք էլ բարձր են ինձանից,
Ինչպես ապաշխարողըս` չապաշխարողից:
Այսպես, տոնելի եղավ Մանասեն,
Պատիվ ստացավ և փարիսեցին,
Զի ես նրանցից ավելի՛ դաժան ամբարիշտ եղա:
Գովվեց անառակ որդին, քանի որ չեղավ նա ինձ պես անդարձ ուխտազանց:
Հիշվեց կեղծավոր որդին Ամասիայի,
Որ չեղավ ինձ չափ ապերախտ սաստիկ և շնորհուրաց:
Օրհնություն առավ ավազակն անգամ, որ դատախազն է անհավատների.
Պոռնիկ կինն անգամ պատիվ ստացավ, իբրև նախամայր զղջացողների:
Փարավոնից ոչ պակաս կարծրացրի ես իմ սիրտը.
Ոչ նվազ եբրայական խուժանի կատաղությունից`
Արարչիդ դեմ ընդվզեցի,
Աստվածամարտներից ետ չմնացի
Ու չխորշեցի բոլորիս ստեղծողիդ ուրանալուց:
Ծփացի մրրիկներից հուզված ծովի նման.
Չսարսեցի սաստիկ քո հրամանից ու չպատկառեցի այնքան,
Որքան մեծածուփ ծովի ալիքներն իրենց ափերից:
Իմ գործերի չափն ու քանակը որոշելու համար ավազակույտը վերջացավ,
Պակասեցին նրանց անբավ շեղջերը` չափելու կուտակումներն իմ անօրեն արարքների:

Գ

Թեպետև թվով շատ են ծովափին համահավաքված ավազները,
Բայց չունեն նրանք ծնունդ և աճում,
Իսկ իմ մեղքերը ու հանցանքները այնքան շատ են, որ հիշել չի լինի,–
Մեկն իր ծնունդով և մեկ ուրիշն իր շառավիղներով.
Մեկն իր բծերով, մյուսն` արկածներով.
Մեկն իր փշերով, մյուսն` արմատներով.
Մեկն իր կազմությամբ, և մեկ ուրիշը իր պտուղներով.
Մեկն իր մասերով, մյուսը` ճյուղերով.
Մեկն իր ոստերով, մյուսն իր ցողունով.
Մեկն իր ճանկերով, մյուսը` մատներով.
Մեկն իր խլրտմամբ, և մյուսն իր ուժով.
Մեկն իր ազդեցությամբ, մյուսն օրինակներով.
Մեկն իր հետքերով, մյուսը` մնացորդներով.
Մեկն իր ստվերներով և մեկ ուրիշն իր մթություններով.
Մեկն իր հարձակմամբ, մյուսն` հնարքներով.
Մեկն իր պատրությամբ, մյուսն իր դիտավորություններով.
Մեկն իր գրոհով, մյուսը` չափերով.
Մեկն իր խորությամբ, մյուսը` գարշանքներով.
Մեկն իր կայծերով, մյուսն իր կրքերով.
Մեկն իր մթերմամբ, մյուսն իր գանձերով.
Մեկն իր ցնցուղով, մյուսն` աղբյուրներով.
Մեկն իր գետերով, մյուսն իր շանթերով.
Մեկն իր հրդեհներով, մյուսն իր ամոթով.
Մեկն իր վիհերով, մյուսն` անդունդներով.
Մեկն իր բորբոքումներով, մյուսն` աղջամուղջներով.
Մեկն իր ամպրոպներով, մյուսն իր կայլակներով.
Մեկն իր հորձանքով, մյուսն` հեղեղներով ու սառույցներով.
Մեկն իր դռներով, մյուսը` շավիղներով.
Հնոցն իր տապով, կրակն իր գոլորշիներով.
Ճարպի հալոցն իր ճենճերումներով.
Օշինդրը իր դառնություններով.
Կործանարարն իր հպատակներով.
Բռնավորն իր հելուզակներով.
Գոռոզն իր սպառազեններով.
Ավազակապետն իր գումարտակներով.
Գազանն իր կորյուններով.
Խածանողն իր ծակոտվածքներով,
Եվ ապականություն գործողն իր նմաններով:

Դ

Սրանք են ահա՛  հոգիներն համայն մեր ապականող
Գլխավոր մեղքերն իրենց ենթակա և
ստորադաս բոլոր մասերով,
Որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է բյուր-հազարներից:
Իսկ ամբողջական թիվը կարող է իմանալ լոկ նա`,
Որը մեր կողմից չեղյալ համարվածները
Տեսնում է, որպես արդեն գոյություն ունեցող գործեր:
Արդ, եթե մեկը չխաբի իրեն կամ չձևանա
Ու չանհավատի կեղծավորաբար, և պարզ ու հասարակ վարվի,
Ճանաչի իրեն որպես մարդ մահկանացու,
Համարի երկրածին իրեն և իր չափի ու սահմանի մեջ մնա,–
Այդպիսին պետք է հասկանա, որ ես զուր չգրեցի
Մեղքերի բոլոր դեպքերը այստեղ,
Որոնց գլխավոր մասերը մեկ-մեկ թվեցի վերև,
Կամ ամբողջությամբ չսահմանեցի իսկությունը ես
Այն տեսակ-տեսակ սխալանքների,
Որոնք պտտվում, գալար են գալիս մեր բնության մեջ:
Այլ բյուրավոր չար արգասիքներից միայն մի փոքրիկ չափով ցույց տվի,
Մնացածները թողնելով, որ դուք սրանց միջոցով ուսումնասիրեք,
Թեև ո՛չ լրիվ և ամբողջապես:

Translate »