Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ՄԱՏՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ (ՆԱՐԵԿ) ԲԱՆ Գ

 

 

Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ

ԲԱՆ Գ

Ա
Տե՜ր պարգևատու, ինքնաբուն բարի,
Ամենքին իշխող հավասարապես,
Միակ արարիչ ամեն գոյության՝ անգոյությունից,
Ո՜վ փառավորյալ, անքնին, ահեղ,
Սոսկալի, սաստիկ, ահարկու, հզոր,
Անպարփակելի, անմերձենալի,
Անըմբռնելի, անիմանալի, անճառ, անպատում,
Անտեսանելի ու անզննելի,
Անշոշափելի, անորոնելի,
Անսկիզբ-անվերջ ու անժամանակ,
Գիտություն անմեգ, տեսություն անգայթ,
Էականություն անկասկածելի,
Դու բարձր ու խոնարհ, օրհնյալ գոյություն,
Անստվեր ծագում, բազմափայլ ճաճանչ, խոստովանված լույս,
Անխարդախ նեցուկ, անվրդով հանգիստ,
անխաթար կնիք,
Անսահման տեսիլ, վկայված անուն,
ճաշակ քաղցրության, բաժակ բերկրության,
Հոգին հաստող հաց, մթան օտար սեր, աներկբա խոստում,
Ծածկույթ ցանկալի, զգեստ անկապուտ,
Օթոց բաղձալի, զարդ վայելչափառ,
Մեծ խնամակալ, գովյալ ապավեն,
Աննվազ շնորհ ու անհատնում գանձ,
Անապակ անձրև, արփիացնցուղ ցող,
Ամենազոր գեղ, անվճար բուժում ու կրկնաձիր կյանք,
Վեհագույն խրախույս, անպատիր կոչում, հանուր ավետիս,
Դու աղքատասեր պաշտպան, թագավոր ստրկամեծար,
Մշտառատ տվիչ, անմերժ ընդունում, աննահանջ հրաման,
Հավերժական հույս, աչք ամենատես,
Ամենաբաշխ աջ, անզղջական տուրք,
Անկողմնակալ ձեռք, անաչառ հայացք,
Մխիթարիչ ձայն, սփոփանքի լուր, բերկրանքի աղբյուր.
Անուն կենդանի, նախախնամ մատ,
Անսայթաք ուղի, անխափան ընթացք,
Կենդանարար կամք, անխարդախ խրատ, աննախանձ պատիվ,
Անսպառ հնարք, անփոփոխ պայման,
Անգտնելի հետք ու անտես շավիղ,
Անեզրական չափ, աննման տիպար, անպարփակ պատկեր,
Անզուգական գութ, բազմազեղ գորով,
Տոնելի խոնարհ, փրկարար համբույր։
Կան դեռ ավելի վայելուչ խոսքեր
Աստվածությունդ փառաբանելու.
Օրհնյալ, ներբողյալ, գովյալ, քարոզյալ,
Ավետարանված, հնչված, հռչակված,
Պատմված, աղաչված կամքով անպատիր։
Եվ դեռ ինչե՜ր կան քո կողմից մեր մեջ
Կայլակող անլուռ՝ անուշ հոսանքով,
Որ պիտի ասվեն ու լուսաբանվեն հաջորդ մասերում։
Դրա շնորհիվ, ո՜վ երանություն,
Ինձ փրկելով՝ դու կզվարթանաս,
Հանց ախորժատենչ մի ճաշակումից.
Ո՛չ, անշուշտ, շոյված սնոտիապատվաստ
Երգերիս դատարկ փառաբանությամբ,
Այլ իմ փրկությամբ, որ պիտի գործես՝
Առիթ դարձնելով աղերսն այս փոքրիկ։

Բ
Նորակերտ մատյանն այս ողբերգության, .
Ուր պատկերված են, նշավակվելով,
Ամենատարբեր կրքերն ամենքի,
Իբրև ամենայն վիշտ ու ցավերի
Մասնակից, հաղորդ, մեծապես գիտակ
Ճշմարտացի մի պատվեր, ավանդ,
Հանձնարարվում է այս երկրի վրա
Հաստատված բոլոր բանականներին,
Համայնատարած քրիստոնյաների
Տիեզերագումար ամբողջ բազմության,
Նրանց, որ նոր են միայն կյանք մտնում,
Որոնք հասել են արդեն արբունքի,
Որ սպասում են վախճանի օրվան՝ անկար ծերությամբ,
Լինեն մեղավոր, թե արդարամիտ,
Ինքնապանծ գոռոզ, թե սխալներին հասու անձնադատ,
Անչար ու բարի, թե եղեռնագործ,
Նկուն, թե խիզախ,
Ստրուկ, հպատակ, թե իշխանավոր կամ գերաշխարհիկ,
Շինական, միջակ, թե բարետոհմիկ, սեպուհ, պայազատ,
Թե՛ արու, թե՛ էգ,
Թե՛ հրամայող և թե՛ հնազանդ,
Թե՛ վեհ ու վսեմ, թե՛ փոքր ու նվաստ,
Արգո, թե անարգ, ասպետ, թե ռամիկ,
Թե՛ գյուղաբնակ, թե՛ քաղաքացի,
Թե՛ ահավորի սանձով բռնված գոռոզ բռնակալ.
Վերնականների հետ հաղորդակից մենակյացներին,
Նվիրյալներին, զգաստ ու պարկեշտ,
Քահանաներին, ընտիր ու մաքուր,
Առաջնորդներին, վարքով բարեզարդ
Ու սրբանվեր նախաթոռակալ գահերեցներին։
Նրանցից ոմանց աղերս-աղաչանք,
Իսկ ոմանց համար բարի խրատներ
Աղոթքի ձևով ներկայացրի ես այս մատյանում,
Որ ձեռնարկել եմ հոգուդ զորությամբ,
Շարադրելով ինձ բազմապիսի աղերս-մաղթանքներ,
Իսկ այն բոլորին խնդրանքներ բազում՝
Հանապազ մեծիդ բարեգթության դիմելու համար։

Գ
Արա՛ այս մատյանն ընթերցողներին սրտերով հստակ,
Հոգով բժշկված, հանցանքից մաքուր,
Անպարտ, ազատված մեղքի կապանքից։
Թող առատորեն արցունքներ բխեն
Սրանով կրթված մարդկանց աչքերից,
Սրա շնորհիվ ապաշավի իղձ պարգևվի նրանց.
Թող որ նրանց հետ քեզնից շնորհվի և ինձ զղջման կամք,
Նրանց՝ իմ ձայնով՝ շունչ բարեհամբույր.
Թող այս մատյանով նվիրվեն նրանց
Պաղատանքները նաև ինձ համար,
Եվ իմ խոսքերով՝ հեծեծանքները
Նրանց խնկվեն քեզ և ի՛մ փոխարեն։
Ողբերգությունն այս սիրով, հաճությամբ
Ճաշակողների սրտերում թող որ
Լույսիդ շնորհը մտած բնակվի։
Եթե պատահի, որ բարեպաշտներ
Քեզ ընծայաբեր լինեն սրանով,
Նրանց հետ, գթա՜ծ, որոնք քեզ համար
Կենդանի են միշտ, ընդունի՛ր և ինձ.
Եթե ախտաջինջ արցունքներ կաթեն
Սրա միջոցով մեկի աչքերից,
Թող որ քո կողմից, ո՜վ խնամակալ,
Անձրևեն դրանք նաև ինձ վրա.
Հաղորդակիցներն այս կենաց գրքի
Եթե արժանի դառնան փրկության,
Քո կամքով, օրհնյա՜լ, թող որ նան ես փրկված համարվեմ։
Սրա շնորհիվ թե մեկի սրտի գաղտնարաններից
Աստվածահաճո հեծեծանք դուրս գա,
Թող որ նրա հետ քեզանով, բարձրյա՜լ, օգտվեմ նաև ես.
Եթե մաքուր ձեռք անուշ խնկարկմամբ կարկառվի առ քեզ,
Թող որ հասնի իմ ձայնին միացած՝
Մատուցելով և աղերսանքները աղաչողների։
Եթե իմոնց հետ նաև բազմազան
Այլ պաղատանքներ ծնվելու լինեն,
Թող քեզ նվիրված լինեմ կրկնակի՝ և դրանց համար.
Եթե հաճությամբ հարգվի քո կողմից
Նվիրաբերումն իմ այս բանական,
Թող ինձ հետ նաև, ինձանից առաջ, այլոցն ընծայվի։
Եթե վշտերից լքված, հոգնաբեկ՝ մեկը նվաղի,
Թող ամրապնդված հառնի վերստին
Հառաչանքների այս հաստարանով՝ հուսալով ի քեզ։
Եթե ամբարտակն ապահովության մեղքով խորտակվի,
Թող որ քարերով այս, շնորհաձիր
Աջովդ հարմարված, կառուցվի դարձյալ։
Եթե հանցանքի սուսերով հույսի լարը կտրվի,
Ամենակալիդ բարեհաճությամբ՝
Ամուր պատվաստմամբ՝ թող կցվի նորեն։
Եթե հոգեկան մահաբեր մի ցավ պաշարի մեկին,
Թող որ սրանով, աղոթելով քեզ,
Ստանա կյանքի հույս ու փրկություն։
Թե տագնապահար ու տարակուսված խոցոտվի մի սիրտ,
Սրանով փրկված՝ թող ապաքինվի՝ մեծիդ քաղցրությամբ:
Թե անքավելի մեղանչումներից մեկը կործանված՝
Ընկղմված լինի խորքն անդունդների,
Թող որ այս կարթով դեպի լույս ելնի՝ քո աջակցությամբ։
Եթե թմրությամբ խաբեպատիր ու խավար գործերի
Մեկը թալկացած լինի կարեվեր,
Թող որ զորանա նորից քեզ համար,
Միակ զորավիգ, ապավինած քեզ։
Եթե պահպանակն ապահովության լքի մի մարդու,
Թող ձեռքդ նրան ընդունի նորեն
Ու ամրապնդի այս միջնորդությամբ։
Եթե անտեսված դեգերի մի մարդ, լքված ու մոլոր,
Թող որ սրանով հույս առնի դարձյալ քո հոգածության։
Եթե սարսուռը դիվային ջերմի
Խռովի մեկին տենդով մոլեկան,
Թող որ սթափվի այս նույն նշանով
Երկրպագությամբ խոստովանելով խաչիդ խորհրդին։
Եթե մրրիկը անօրենության խորտակիչ հողմի
Աշխարհիս ծովում մարդու մարմնեղեն
Շինվածքն հարվածի ալեբախությամբ,
Թող որ խաղաղվի կրկին այս ղեկով՝ ուղղված դեպի քեզ։

Դ
Թող ողբերգության մատյանն այս, բարձրյա՜լ,
Որ սկսել եմ գրել հանուն քո,
Կենաց դեղ լինի արարածներիդ
Մարմնի ու հոգու վիշտն ու ցավերը բուժելու համար։
Սկսածս դո՛ւ հասցրու ավարտին.
Թող որ քո հոգին խառնվի սրա հետ,
Մեծիդ ներգործող շունչը միանա
Քո՝ ինձ շնորհած բանաստեղծության,
Քանզի դու ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին
Եվ ընդունում փառք ամենքից. ամեն։

 

Translate »