Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Եվս երկու կիրակնօրյա դպրոց՝ Սարիգյուղ և Սևքար համայնքներում

Տավուշի թեմում բուռն ընթացքի մեջ է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում թեմի ողջ տարածքում շարունակում են Կիրակնօրյա դպրոցներ բացվել: Մինչ օրս բացվել է մոտ երկուս ու կես տասնյակ դպրոց, ևս երկու տասնյակ դպրոց կբացվի մինչև տարվա վերջ:

Նոյեմբերի 18-ին հերթական Կիրակնօրյա դպրոցը բացվեց Իջևանի տարածաշրջանի Սարիգյուղ համայնքում: Քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ Կիրակնօրյայում կլինի ազգային պարերի ուսուցում: Սարիգյուղի նոր վերանորոգված մարզադահլիճում էլ աշակերտները հնարավորություն կունենան սպորտով զբաղվելու: Կիրակնօրյա դպրոցի դասարանը և մարզադահլիճը վերանորոգվել են նվիրատվությամբ Արփի Անդրեասյան-Արսլանյանի՝ ի հիշատակ իր ամուսնու՝ պարոն Գրիգոր Արսլանյանի:

Նույն օրը տեղի ունեցավ նաև Սևքարի Կիրակնօրյա դպրոցի բացումը: Համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների մեծ մասն արդեն Կիրակնօրյայի դիմումներ են լրացրել և կմասնակցեն այս նոր հոգևոր կենտրոնում տեղի ունենալիք դասընթացներին:

Սարիգյուղ և Սևքար համայնքների Կիրակնօրյա դպրոցները հանձնված են Տեր Թորգոմ քահանա Մարգարյանի հոգևոր խնամքին:

Հիշեցնենք, որ «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը Տավուշի թեմում մեկնարկել է սույն թվականի մարտի 10-ին: Այն ուղղված է Տավուշում հոգևոր կյանքի զարթոնքին: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի խոսքերով՝ Կիրակնօրյա դպրոցների կյանքի կոչումը Տավուշում հոգևոր դաստիարակության կարևորագույն օղակն է: Այս ծրագրի շնորհիվ Տավուշի թեմում այսուհետ դպրոցական կրթությունից զատ կարևոր ու առանցքային պետք է լինի նաև հոգևոր կրթությունը: Մենք պետք է «սպառող» քրիստոնյաներից դառնանք «արտադրող» քրիստոնյաներ:

Translate »