Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Իջևան քաղաքում կայացավ Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների ընդհանուր հավաք

Իջևան քաղաքում կայացավ Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների ընդհանուր հավաքը:
Տավուշի Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի՝ Աստծուց առաջնորդություն խնդրելով իրենց առաքելության իրականացման ընթացքում: Այնուհետև ուսուցիչների հետ հանդիպումը շարունակվեց Տավուշի թեմի առաջոնրդարանում:

Հատված Բագրատ Սրբազանի քարոզից.
«Ինչպես ասվում է Եկեղեցու կողմից Սուրբ Գրքից ընթերցվող այսօրվա հատվածում՝ (Ա Թեսաղոնիկեցիներին 1.1-10) հավատի գործը, սիրո վաստակը, հույսի համբերությունն են կազմելու ձեր առաքելության հիմնական մասը: Եվ նաև՝ իմացեք, որ ընտրվել եք Աստծու կողմից: Եվ մեր անելիքն էլ այդ ընտրությանը համապատասխան է լինելու»:

Սրբազան Հայրը նշեց, որ ուսուցիչներն ընդունել են Աստծո Խոսքը բազում նեղությունների ու դժվարությունների մեջ՝ Սուրբ Հոգու ուրախությամբ . քայլն արվել է միայն ուրախությամբ, և հորդորեց  ընդունել այն և գործել այդ ուրախությամբ:
«Ինչպես առաջին իսկ օրվանից ենք ասել, մենք սովորական դուռ բացող, դասարան մտնող չենք: Դուք առաքյալներ եք՝ այդ զգացումով ու կյանքով, հույսի, հավատքի ու սիրո կրողները:
Մեր նպատակն է լինել ոչ թե սպառող, այլ արտադրող քրիստոնյաներ. գործել, ստեղծել, մարդկանց ներգրավել, մասնակցել նրանց կյանքին:

Մենք նոր կյանքի սկիզբ ենք դնում, այդ երջանկությունն ու պատիվը մեզ է տրված: Եվ յուրաքանչյուր ուսուցիչ կոչված է օրինակ լինելու բոլոր հավատացյալների համար, և սփռելու իր ունեցած հավատն ամենուրեք՝ ո՛չ թե առաջին դպրոցում, այլ ողջ Իջևանում, ո՛չ թե միայն Պապոնց տանը, այլ Նոյեմբերյանում, ո՛չ չորրորդ դպրոցում , այլ Դիլիջանում, ո՛չ թե Արվեստի կենտրոնում, այլ ողջ Շամշադինում»:

Սուրբ Պատարագից հետո տեղի ունեցավ Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների ընդհանուր հանդիպում, որին ներկա էին շուրջ 60 ուսուցիչներ Տավուշի մարզի բոլոր տարածաշրջաններից: Քննարկվեցին Կիրակնօրյա դպրոցների ընդհանուր Ծրագիրը, դասավանդման, ուխտագնացությունների, միջոցառումների հետ կապված այլ հարցեր:

Նշենք, որ այս տարվա ընթացքում ողջ Տավուշում բացվել է 42 Կիրակնօրյա դպրոց, որտեղ հաճախելու է շուրջ 2000 աշակերտ:

Translate »