Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Լուսավորչի՝ վիրապից ելքի տոն․ Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցի

«Այն օրերին, երբ Գրիգոր Լուսավորիչը դուրս էր գալիս Խոր Վիրապից, Հայաստան աշխարհն իր արքայի գլխավորությամբ ընտրեց Աստծո ճանապարհը, ընտրեց Քրիստոսի ճանապարհը։ Մեկ անգամ և ընդմիշտ կատարված ընտրանք էր սա. սա գիտակցված ընտրանք էր: Դա տեղի ունեցավ հայոց արքայի գլխավորությամբ և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի ամբողջական ընտրությամբ։

Այս ընտրությունը կատարվեց ի հակակշիռ բոլոր տեսակի երևույթների՝ արևմուտքից, արևելքից, հյուսիսից կամ հարավից եկող։
Նրանք ընտրեցին այդ ճանապարհը և ճշմարտության ճանաչողությունը. ամբողջական հայացքով դեպի քրիստոնեություն դառնալը պատճառ եղավ հրաժարվելու թե՛ արևմուտքից, թե՛ արևելքից, թե՛ հյուսիսից, թե՛ հարավից և վերադառնալու ինքնաճանաչողության՝ դառնալու հայ մարդու իսկատիպ նկարագրի ճանաչողությանը, ինքնության գնահատականին և այդպես գործողություններ կատարելու:
․․․
Առանց մարդու՝ առանց մեզ, Աստված չի անի։ Առանց Աստծո մարդը չի կարողանա անել։
․․․
Կյանքում մեր խնդիրները նրանից են, որ մենք առաջնահերթությունները խառնում ենք երկրորդականների, երրորդականների, տասներորդականների և հարյուրերորդականների հետ։ Մենք ապրում և կարծում ենք, որ այն փոքրիկ, չնչին, կամ գուցե մեզ համար նշանակալի դեպքերը և երևույթները կյանքի ամենաառաջնայինն են՝ առանց քննելու և տեսնելու, որ ավելի մեծ ու կարևոր արժեքներ կան, որոնք առաջնորդելու են մեզ։
Մեզ համար չկա ավելի մեծ արժեք, քան մեր ԱՍՏՎԱԾ, քան մեր ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, քան ՄԵՐ ՆՄԱՆԸ, որի ստեղծագործությունն Աստծո կողմից է եղել։
Պետք է սիրել այս երեքը և առաջնորդվել հենց այս երեքի առաջնային շահով՝ այնպես, ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, այնպես, ինչպես Տրդատ արքան ժամանակների հեռավորությունից տեսան, հասկացան ու ճանաչեցին Աստծուն՝ այդպիսով փրկելով ժողովրդին, պետականությունն ու պետությունը, և առաջնորդեցին մեզ արդարության ազգ դառնալու կոչումին»։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »