Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԽԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ

Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է:

Այսօր հիշատակում ենք Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը: Սակայն սա սոսկ հիշատակում չէ, այլ այդ դեպքերը կատարվում ենք հենց այսօր։

Տիրոջ մատնության գիշերը․․․

«Մերժեք ձեր Հայրենիքը բզկտելը, թշնամուն հանձնելը, ուրանալը, մերժեք վախենալը, սարսափելը, դավելը, մերժեք, արթնացեք այդ բոլորից։

Արթնացեք և վերահաստատեք ձեզ տիեզերական ճշմարտության մեջ, վերահաստատեք ձեզ քաջության մեջ, սխրանքի մեջ, աստվածսիրության մեջ, հայրենատիրության մեջ, ձեզ վստահված ժառանգության մեջ, հզորության մեջ, ձեր ինքնության լավագույն դրսևորումների մեջ, ձեր՝ որպես ազգ, որպես մարդ ընտրված լինելու մեջ։ Վերահաստատեք ձեզ սիրո մեջ՝ բոլոր սերերի մեջ, որոնք միայն բարիք են բրում, որոնք միայն լույսի ճանապարհ են հարթում մարդու համար, որովհետև սիրո մեջ բնակվողը Աստծո մեջ է բնակվում և Աստված էլ իր մեջ է բնակվում։

Սերը զարմանալի երևույթ է՝ տալուց է ավելանում, վերցնելուց կարծես սպառվում է։ Տալուց շատանում, առատանում է, փոխվում է կյանքի որակը, փոխվում է ներքին հոգևոր և հոգեբանական զգացողությունը, ԱՐԹՆԱՆՈՒՄ է մարդը։

***

30 արծաթի պատմությունը չի վերջացել․ աշակերտի, մտերիմի, սիրողի՝ սիրելով 30 արծաթը վերցնողի պատմությունը չի վերջացել։

Համբույրով մատնելու պատմությունն էլ չի վերջացել։ Հացով, սրբությամբ մատնելու պատմությունն էլ չի վերջացել։

Ում հետ սնվում ես, կիսում ես այդ սրբությունը, հենց իրեն էլ մատնելու պատմությունը չի վերջացել։

***

Այսօր մենք մեծ փորձության մեջ ենք, շատ մեծ փորձության մեջ։ Քնած ենք կարծես։ Մեր Տերը մեզ համար հոգևոր պատերազմի մեջ է գտնվում, անընդհատ ձգում է մեզ դեպի իրեն, մենք էլ կա՛մ հանգիստ են զգում մեզ, կա՛մ մեր ներքին վախերով, կա՛մ ինքներս մեզ համար ձևաներպումներ տված, և չենք ուզում տեսնել ՎԵՐԵԼՔԻ պատմությունը, դեպի Ինքը գնալու պատմությունը և իր միջից մեր բոլոր փորձությունները վերացնելու, դրանք հաղթելու և հաղթահարելու պատմությունը։

Կարծես խավար գիշերի մեջ ենք ապրում։ Հոգևոր թմրության, խավարի և այն գիշերվա խորհրդի մեջ(Տիրոջ վերջին գիշերը Գեթսեմանիի պարտեզում), որը նաև քողը դարձավ մատնության համար։ Մեր կյանքը կարծես այդպես գիշերված և խավարած լինի»։

Translate »