Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Կայան բերդը, կամ Աշոտ Երկաթի հյուսիսային նստավայրը:

Բագրատունյան տիրապետության շրջանում և պետականության վերականգնումից հետո, Հայաստանում հիմնվել են բազմաթիվ ռազմակայաններ, բերդեր և այլ ամրություններ, որոնք հսկում էին ստրատեգիական և առևտրական ճանապարհները, ապահովում հյուսիս-արևելյան երկրամասի պաշտպանությունը։ Առավել խոշորները դառնում էին իշխանական դղյակներ և հաճախ վերածվում բերդաքաղաքների։ Աղստևի հովտում ստրատեգիական կարևոր հենակետ էր Կայան ամրոցը, հավանաբար կառուցված 9-րդ դարի սկզբին։ 10-11-րդ դդ., Կյուրիկյանների օրոք՝ եղել է պահակային բերդ, որը պաշտպանել է թագավորության արևելյան սահմանները։ Շրջակայքի բնակչությունը վտանգի պահին ապաստանել է այստեղ։ 12 – 13-րդ դարերում բերդի նշանակությունը աստիճանաբար մեծանում է և դառնում է խոշոր կալվածատիրական տների նստոցը։ Մահկանաբերդի Արծրունիների և Զաքարյանների աոանձին ճյուղերը այստեղ հիմնում են իրենց դղյակները։ Միջնադարյան հեղինակներից առաջինը Հովհաննես Դրասխանակերտցին է հիշատակում Կայան բերդը։ 922 թվականին Աշոտ Երկաթի հետ թշնամացած Ուտիքի իշխան Սահակը մտել էր Բագրատունիներին պատկանող Զորափոր գավառը և գրավել նրա ամրոցները, որոնցից պատմիչը հիշատակում է միայն Կայանը։ Գավառն ու Կայան բերդը Մահկանաբերդի Արծրունիները պահեցին մինչև 1191 թվականը։
Կայան բերդը գտնվում է Իջևան քաղաքից 18 կիլոմետր հեռավորության ՝ մի լեռնագագաթի վրա: 13-րդ դարից սկսած հիշատակվում է որպես զորակայան և Քավաս գավառի վարչաքաղաքական կենտրոն: Պատմական մի աղբյուրից իմանում ենք, որ Կայանը կառուցել է Մահկանաբերդի տեր Քուրդ իշխանը, որը Հաթերքի Վախթանգ իշխանի աներն էր: Աշոտ Երկաթի ժամանակներից սկսած բերդ-ավանը կրում է Կայան անունը:
«Այն ժամանակ իշխեր բերդին ու մեծ գավառին…մեծ իշխան Իբանե…Թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ մեծ իշխան Ավագը որդին Իվանեի…Եկին և ամենայն բնակիչք գավառի և ամրացան և նոք շուրջը զբերդովն իբրև գիտացին զորքն այլազգյաց(մոնղոլ-թաթարների), թե արդ ամրացավ իշխանն, մի ոմն գլխավորացն, որում անունն էր Իտուզատա, առեալ զորս բազումս, եկն պաշարեաց շուրջն բերդովն…»
Կիրակոս Գանձակեցի, 1236թ.
Այս արշավանքից հետ է, որ այս տեղանքը գրեթե դատարկվում է, Կայենի կամ Կայանի բնակիչների մի մասը, թողնելով բերդի տարածքը, գալիս է, ներկայիս Գանձաքար գետի աջ ափը դարձնում բնակատեղի, բերելով այստեղ Կայան անունը: Սակայն քանի որ անցնող-դարձող քարավանների համար գործածելի է դառնում Քարվանսարա, Կայան անուն ետին պլան է մղվում:
«Քուրդ իշխանը եկավ, վերադարձավ իր հայրենիքը՝ Կայան և Մահկանաբերդ գավառ: Բազմաթիվ մեծարանքով պատեց նրան Թամար կոչված թագուհին վերադարձնելով նրան իր հայրենի վայրերը և ուրիշ շատերը… »
Կիրակոս Գանձակեցի
Փաստորեն՝ Քուրդ իշխանի նստավայրը Կայանն էր՝ նույն օտարաբար Քարվանսարա- Իջևանը

Translate »