Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հաղարծնի շաբաթ. մանուկների օր: Ելույթ ունեցան Բերդի, Իջևանի, Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը

Հաղարծնի շաբաթվա օրերից մեկը՝ օգոստոսի 18-ը, հայտարարված էր մանուկների օր: Վանքում հյուր էին բազմաթիվ երեխաներ, որոնք իրենց ժպիտով ու ուրախությամբ օրն իրական տոն դարձրին:

Համերգներով հանդես եկան Բերդի, Իջևանի և Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը:

Առաջինը Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախումբն էր (խմբավար՝ Հերմինե Փալանդուզյան): Երգչախումբը, չնայած նորաբաց լինելուն, արդեն ելույթ է ունեցել Դանիայում, արժանացել շատերի գնահատանքին:

Հաջորդը Տավուշի թեմի Իջևանի մանկապատանեկան երգչախմբի մանուկներն էին: Խմբավար Քրիստինե Շերոյանի հետ միասին նրանք ևս Հաղարծին վանքում բազմաձայն հնչեցրին հոգևոր մեղեդիներ:

Երեկոյան ելույթ ունեցավ Դիլիջանի համայնքային կենրոնի «Դիլիջանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (խմբավար՝ Սերինե Խաչատրյան): Համերգից հետո վանքի բակում նրանք նաև ժողովրդական երգ ու պար կազմակերպեցին:

Երգչախմբերի փոքրիկ կատարողների գեղեցիկ ձայների արձագանքը դեռ երկար դրոշմված կմնա Հաղարծնի կամարների ներքո:

Translate »