Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի և Տավուշի թեմի միջև

Տավուշի թեմում գործարկվել է Գետահովիտի «Անդրանիկ և Հովհաննես Ճեմճեմյան» հոգևոր-վերականգնողական կենտրոնը, որը կոչված է քաղցկեղը հաղթահարած երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը։

Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի և Տավուշի թեմի միջև համաձայնագիր ստորագրվեց, որի շնորհիվ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում քաղցկեղի բուժումն ավարտած երեխաներն ու իրենց ընտանիքները հնարավորություն ունեն վերականգնման շրջան անցնել Գետահովիտի բարձունքում գտնվող չնաշխարհիկ կենտրոնում։

Քաղցկեղը միայն ֆիզիկական հիվանդություն չէ, այն ազդեցություն է ունենում և՛ քաղցկեղ ունեցող անձի և՛ իր ընտանիքի վրա, այն հոգեկան և հոգեբանական մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա։ Այդ պատճառով Հայաստանում և տարածաշրջանում եզակի՝ Գետահովիտի հոգևոր-վերականգնողական կենտրոնի գոյությունը շատ կարևոր է քաղցկեղին առերեսված ընտանիքների վերականգնման և բնականոն կյանքին վերադարձի համար։

Համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությանը ներկա էին Հայ-Ամերիկյան Կենտրոնի բժիշկները, որոնց ուղղված խոսքում Բագրատ Սրբազանն ասաց․ «Երբ ուսումնասիրում էի մեր բժշկության պատմությունը, մեր հայրերը շատ դիպուկ ասում են՝ բժիշկը միայն դեղահաբ տվողը չի, այլ նաև Աստծու Շնորհը փոխանցողը։ Ես վստահ եմ, որ երբ Ձեր ձեռքերը դիպչում են Ձեզ այցելողներին, այդ Շնորհը Ձեր միջոցով իրենց է փոխանցվում։ Այդ Շնորհին տեր կանգնեք»։

Տիրոջ Շնորհով՝ շուտափույթ ապաքինում բոլոր վատառողջներին, բժիշկներին՝ իմաստություն և մխիթարություն։

Հուսանք՝ շուտով կտեսնենք այս համագործակցության պտուղները։

Բարի ընթացք․․․

Translate »