Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Համբարձման տոն․ Բագրատ Սրբազանը պատարագեց Մայր Աթոռում

Մայիսի 18-ին մեր եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այսօր հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման օրը:

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում Պատարագ մատուցվեց։ Պատարագիչ՝ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան:

Սրբազանն իր քարոզում ասաց․ «Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին՝ «Ահա ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․28։21) և թելադրեց պատասխանատվություն ստանձնել իրենց վստահված քարոզչության նկատմամբ, լինել վկաներն Իր անանցանելի ճշմարտությունների, չվախենալ դաժան հարվածներից, չերկմտել ճշմարտությունը բարձրացնելիս, անդադար քարոզել Աստծո խոսքը, դարձի բերել մոլորվածներին, վերացնել սուտն ու կեղծիքը, մարդկանց դարձնել Աստծո սեփական ժողովուրդը՝ ծառայությունից կոչելով որդիության։

Այսօր էլ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ գերեվարված է մեր հայրենիքի մի հատվածը՝ մեր սիրելի Արցախ աշխարհը, մեր քույրերն ու եղբայրները, որոնց ոչ ոք չի կարող բաժանել մեզանից։ Երբ ապրում ենք բազմահազար զոհերի, վիրավոր զավակների, գերության տանջանքների մեջ գտնվող և անհայտնության ճիրաններում հայտնված մեր սիրելի զավակների իրողությամբ, երբ կանգնած ենք անելանելի որոշումներ կայացնելու առջև՝ փնտրելու լույսի և հույսի ճանապարհներ, երբ ապրում ենք գողացված ուրախության, գողացված պատվի, գողացված նպատակի, գողացվող հույսերի, գողացվող հավատքի և սիրո իրականության մեջ, մեր Տերը դարձյալ գալիս է մեզ հիշեցնելու և քաջալերելու՝ «Ահավասիկ Ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․ 28։21), ձեզ հետ եմ ամեն վայրկյան, ձեր տառապանքները կրող, ձեզ հետ քայլող, ապրող, գործող և ձեր միջոցով նաև իրադարձություններին թելադրանք և ուղղություն տվող։

Այսօր էլ Հայոց Եկեղեցին բոլոր տագնապների ու մարտահրավերների մեջ վերստին կոչում և հրավիրում է իր զավակներին տեր կանգնել իրենց պատասխանատվությանը և իրավունքին, չերկնչել աշխարհի դավերից ու ցավերից, չվախենալ նահատակության փառքի պսակից, չտատամսել Աստծու խոսքի հավատարմության մեջ»։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

Translate »