Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը` նվիրված Տավուշի նահատակ զավակներին

Սիրելիներ, «Հանուն իմ կյանքի» այս հուշամատյանը պատմում է տավուշեցի մեր հերոսների մասին, ովքեր նայեցին մահվան աչքերին և հաղթեցին նրան՝ իրենց կյանքն ընծայելով Հայրենիքի սուրբ զոհասեղանին՝ իմ և բոլորիս համար, մեր հավատքի, արժանապատվության և այս արևի ներքո վեհորեն ապրելու տեսիլքով:

Այս Հուշամատյանի էջերից՝ ինչպես երկնքից, իրենց լուսավոր և պարտադրող հայացքներով նրանք նայում են մեզ՝ աչք առ աչք, հոգի առ հոգի և իրենց պատգամն ու ուղերձն են հղում իրենց երկնային բնակարաններից:

Մենք այսօր իրավունք չունենք հերոսացումը ողբերգության վերածելու, վիշտը՝ կորստի, ցավը՝ ինքնասպանության: Մենք կոչում ունենք նույնանալու նրանց հետ և արժանի դառնալու նրանց սրբացած արյանը և կյանքին՝ պատասխանատվություն կրելով նրանց կիսատ գործը Հաղթանակով հավերժացնելու:

Հաղթանակի տեսիլքով եք մեկնել և մեզ Հաղթանակի կտակը թողել: Այսօր դուք Քրիստոսի Հարության հաղթանակի կրողներն եք՝ Անմահները, հաղթել եք մահվանը և գտնվում եք ապագայում, որին մենք պիտի դեռ շատ ձգտենք հասնելու համար:

Դուք անցյալում չեք, դուք ապագայում եք, և երանի արժանի լինենք ձեզ:Մեր հերոսների սիրելի ընտանիքներ՝ ի՛մ ընտանիքներ, մե՛ր ընտանիքներ,Ձեր հեղած արցունքի յուրաքանչյուր կաթիլն արյան գին ունի:

Իմ խոնարհումը ձեզ և մեր հերոսներին, ովքեր իրենց ընտանիքները առաջնային չհամարեցին, այլ ձեզանից ու իրենցից վեր դասեցին մեր Հայրենիքը, Պետությունը, հավատքը, արժանապատվությունը, մեր գոյության իրավունքը և մարտնչեցին ու մարտիրոսացան՝ հայացքը դեպի ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՈՒ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՈՎ:

Թող այս Հուշամատյանը ՈՒԽՏԱԳԻՐ դառնա մեզ համար՝ արժանի և հավատարիմ ազգ Աստծուն, ձեր կտակին և մեր երազների իրականացման ճանապարհին:

Հավերժ խոնարհում ձեզ, մեր ՄԵԾ ԱՆՄԱՀՆԵՐ։

…Խոնարհումով, սիրով և աղոթքով՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի)

Առաջնորդ Տավուշի թեմի

Translate »