Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հավերժության խորհուրդը: Վարդան Մամիկոնյանի տնկած ծառը:

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի հարավային մասում գտնվում է մի սրբատեղի՝ մի դարավոր կաղնու ծառ։ Ըստ ավանդույթի ծառը տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին, երբ վերադառնում էր Խաղխաղի հաղթական ճակատամարտից։ Սակայն 1978 թվականին կաղնին տապալվեց, ընկած կաղնու կողքին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը մի նոր կաղնի տնկեց։

Հնագույն մի ավանդություն կա` պատմում են՝ իբրև թե դարեր շարունակ Ակնաղբյուր գյուղի ծերերը այս ծառի մոտից են իրենց որդիներին բանակ կամ պատերազմ ճանապարհել ու հետն էլ հորդորել.
-Որդի, Զորավարի աղբրից ջուր խմիր, ձեռքդ Վարդանի ծառին քսիր, ու քեզ չարուչոռ չի դիպչի…
Ու նորից զորակոչ է հայրենյաց հողում… փառքդ շատ, Տեր, ուրեմն կանգուն է Հայոց բանակը, ուրեմն կապրի հայոց աշխարհը…
Արդեն քանի տարի «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամը նոյեմբերի վերջին կիրակի օրը մեկնում է Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղ, որ շրջակա գյուղերի զինակոչիկ հայորդիներին հայոց բանակ ճանապարհի եւ տոն դարձնի այն հնագույն սովորույթը, որը կոչել ենք «Վարդանանց կանչ»:

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի լեռան լանջին թիկն են տվել երբեմնի հսկայական տապալված կաղնու մասունքները:
Կաղնին սրբավայր է շրջակա գյուղերի բնակիչների համար, կաղնուն ու նրա տակից բխող աղբյուրի ջրերին բնակիչները հրաշագործ հատկություններ են վերագրում` բուժում են հիվանդներին, երազանքներ կատարում ու չարուչոռից հեռու պահում …Աղբյուրը Զորավարի աղբյուր են կոչում, ծառը` Մեծն սպարապետ Վարդանի ծառ…ու անհայտ է մնում` որն է այս մեծ հավատի իրական ակունքը` ծառի նկատմամբ նախաքրիստոնեական պաշտամու՞նքը, հայրենիքի պաշտպանի կարեւորու՞մը, թե` քրիստոնեական հավատի հզորությունը:

500 տարի ապրել է Վարդանի ծառը, կռիվ տվել ժամանակի ու բնության արհավիրքների դեմ, ու 1500 տարի ծառի հետ կռիվ է տվել նաեւ ժողովրդի նախնյաց հիշողությունը, կռիվ է տվել հավատը, ու հենց հավատով վառած մոմերից էլ … 1975 թվի աշնանային մի փոթորկոտ օր ճղակոտոր գետին է տապալվել…
Հավատը վախով չես սպանի, կստիպես միայն ավելի խոր թաքցնել….ժողովրդի հիշողության խորքերում անթեղված հավատը չերերաց անգամ խորհրդային աթեիզմի բռնատիրությունից, ու կործանված ծառի հսկա փչակը խորան դարձավ, որտեղից էլ երբեք չկտրվեց քամուց մլմլացող մոմի ծուխը…, չկտրվեց նաեւ հավատավորների հոսքը դեպի սրբավայր…
1976-ին Վարդանի ծառին այցի եկավ հայ ժողովրդի ռազմավարական դարավոր տաղանդի փառահեղ ժառանգորդը` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը ու ժառանգականության խորհրդով էլ կործանված ծառի կողքին մի քանի կաղնի տնկեց:

2005 թվին ավանդույթը նորից նշվեց ու նոր շունչ առավ. շրջակա գյուղերի 40 նորակոչիկների հայրեր նորից իրենց որդիներին առաջնորդեցին դեպի Զորավարի աղբյուր, որ ջուր խմեն, ձեռքները Վարդանի ծառին քսեն, իրենք էլ մի-մի կաղնի տնկեն, օրհնություն ստանան ու հավատով մեկնեն հայոց բանակ՝ ծառայելու:

Translate »