Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հորդառատ անձրևի տակ՝ Հաղարծին վանական համալիրում, Մասունք ազգագրական երգի-պարի համույթի գլխավորությամբ տոնվեց Քրիստոսի Պայծառակերպությունը կամ նույն ինքը Վարդավառը:

Ասյօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր վարդավառը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը:

Ինչպես տեղացի, այնպես էլ դրսից ժամանած երիտասարդների ու հյուրերի մասնակցությամբ օրը վերածվեց իսկական տոնախմբության:

Հիսուսի պայծառակերպությունը
(Մատթ. ԺԷ 1-13, Մարկ. Թ 2-12, Ղուկ. Թ 28-36)

«Վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց հանեց առանձին, մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց. և Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը» (Մատթ. ԺԷ 1-2):
Այն այրերին, որոնց ասաց, որ մահ չեն ճաշակելու մինչև Իր գալստյան նշանը տեսնելը, հանեց լեռան գագաթը և ցույց տվեց, թե ինչպես է Ինքը գալու վերջին օրը՝ Աստվածության փառքով ու Մարմնով: Նրանց լեռը հանեց, որպեսզի ցույց տա, թե Ով է Ինքը կամ՝ Ով է Որդին: Որովհետև մարդիկ Նրա մասին ասում էին, թե Հովհաննես Մկրտիչն է, իսկ ուրիշները՝ Եղիան, ոմանք էլ թե՝ Երեմիան, կամ մարգարեներից մեկը, այդ պատճառով էլ այսօր նրանց լեռը բարձրացրեց, որպեսզի ցույց տա նրանց, որ Ինքը Եղիան չէ, այլ Եղիայի Աստվածը, և Երեմիան չէ, այլ Նա, Ով սրբեց Երեմիային որովայնից (տե՜ս Երեմ. Ա 4): Եվ ոչ էլ մարգարեներից մեկն է, այլ մարգարեների Տերը, Ով առաքեց նրանց: Եվ որպեսզի ցույց տա նրանց, որ Ինքն է Արարիչը երկնքի ու երկրի և Տերը՝ ողջերի ու մեռելների: Ինքն է հավիտենականությունից առաջ Հորից ծնված Աստծու Որդին, այնպես, ինչպես Ինքը գիտի, առանց սերմի ծնվելով և անապական պահելով Իր ծնողի կուսությունը:
Լեռը տարավ, որպեսզի ցույց տա Իր Աստվածության փառքը և ճանաչեցնի նրանց, թե Ինքը Նա է, Ով փրկելու է Իսրայելը, ինչպես որ մարգարեների միջոցով էր հայտնել, որպեսզի աշակերտները չգայթակղվեն՝ տեսնելով Նրա կամավոր չարչարանքները, որն Իր մարդեղությամբ կրելու էր մեր փրկության համար:
Աշակերտները Նրան որպես մարդ էին ճանաչում և չգիտեին, որ Նա Աստված է: Ճանաչում էին Նրան որպես Մարիամի որդի, բայց Տերը նրանց հայտնեց, որ Ինքն Աստծու Որդին է: Տեսնում էին Նրան, որ ուտում է և ըմպում, հոգնում ու չարչարվում, տքնում ու ննջում, երկնչում ու քրտնում և խորհում էին, որ սա չի վայելում աստվածային բնությանը, այլ՝ մարդկային բնությանը: Այդ պատճառով էլ հանեց նրանց լեռան գագաթը, որպեսզի ցույց տա Իր թագավորությունը մինչ Իր մահանալը, որովհետև Հայրը ձայն պիտի տար Որդուն և հայտներ աշակերտներին Իր փառքը, որ Նա Իր Որդին է ճշմարտությամբ ու Աստվածությամբ: Տերը ցույց տվեց նրանց Իր զորությունն ու փառքը, մինչ Իր անարգվելը և Իր պատիվը, նախքան նախատվելը, որպեսզի երբ հրեաների կողմից ձերբակալվի ու խաչվի, իմանան, որ Իր տկարության պատճառով չխաչվեց, այլ կամովին և հաճությամբ, որպեսզի աշխարհը փրկի:
Այն մեծ խորհուրդը, որ կատարեց Քրիստոս Թաբոր լեռան վրա, մինչ այդ երբեք չէր եղել, քանզի բոլոր տեղերից այնտեղ հավաքվեցին. երկնքից երևաց Սուրբ Երրորդությունը՝ Հայրը ձայնով, Սուրբ Հոգին՝ լուսավոր ամպով, իսկ Որդին՝ պայծառակերպված, դժոխքից եկավ Մովսեսը, իսկ Դրախտից՝ Եղիան: Եղիան նաև մարդկանց կողմից եկավ: Այդտեղ էին նաև Քրիստոսի աշակերտները, ովքեր դեռևս չունեին բավարար միտք:
Ամբողջ ժամանակ, որ մեր Տերն աշխարհում շրջեց, առավելապես ըստ մարդկային խոնարհության անցկացրեց, իսկ այդ լեռան վրա Իր ահավորությամբ հրեշտակներին էլ գերազանցեց: Ոչ միայն, որ լուսեղեն փառքով երևաց, այլ նաև, որ խորտակեց մահվան դռներն ու իրականացրեց առաքյալներին տված Իր խոստումները:
Այդտեղ ճշմարիտ արքայությունն էր, քանի որ այդտեղ միասնական Երրորդությունը լիալիր էր: Աստված ինչ-որ վայրում չի լինում, սակայն երևաց մարմնավորներին՝ ինչպես տարածական: Ու այն տեղը, ուր Աստված հայտնվեց, առանց վարանելու կարելի է արքայություն կոչել, քանի որ արքայությունը այն է, ուր Աստվածությունն է երևում:

Translate »