Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«Նշան մի փնտրեք». Բագրատ Սրբազանի քարոզը

«Չի լինելու խաղաղություն, եթե մեր գործած յուրաքանչյուր քայլի համար զղջում ու ապաշխարություն չունենանք։ Ուրիշ բանալի չկա։ Խոսում ենք կյանքի բարելավման, բարեկեցության մասին։ Ինչպե՞ս է լինելու կյանքի բարեկեցությունը․ օրենքների ձևակերպմամբ, կյանքում տեղ գտած զանազան արատներից հրաժարմամբ, այսինքն՝ ապաշխարելով ու մաքրվելով, ներառականությամբ՝ յուրաքանչյուրին ըստ իր կարողությունների կյանքի մեջ ներառելով։ Եվ այս բոլորը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, ի վերջո, բերում է կյանքի բարեկեցության։ Երբ բոլորս հասկանում ենք, որ դիմացինի կյանքի բարեկեցությունը կախված է մեզնից։ Այսինքն՝ շղթայականությունը որևէ տեղ խախտված չէ՝ ոչ միայն անձով պայմանավորված, այլ՝ ինստիտուտներով, համակարգերով, օղակներով, գործողություններով, տրամաբանությամբ, ռազմավարությամբ․ այս բոլորն են, որ մարդու հանրային բարեկեցությունն են ստեղծում։ Սա խորությամբ հոգևոր բովանդակություն ունի՝ մեր վարդապետական ընկալման մեջ բնորոշվելով որպես փրկություն։ Եվ այդ փրկությունն այլ կերպ չէ, քան հենց նույն փոխաբերությամբ՝ մեր կյանքի ներառականությամբ, որպես Եկեղեցու՝ հոգևոր մարմնի անդամներ մեր ներգրավվածությամբ, պատասխանատվությամբ, մեկը մյուսի բեռը կրելով, մեկը մյուսի համար աղոթքով և ամենակարևորը՝ մեկը մյուսի հանդեպ անթաքույց սիրո զգացման արտահայտությամբ։ Այդ պատճառով եմ ասում՝ եթե մենք հանենք այդ կյանքից ապաշխարությունը՝ իր հոգևոր բովանդակությամբ, և աշխարհիկ բովանդակությամբ էլ՝ այդ ինքնասրբագրվելու ճանապարհը, մենք կունենանք քայքայված, անընդհատ մեղադրող և անընդհատ մեղադրվող հասարակություն։ Եվ մենք դադար չենք տա՝ մեզ անընդհատ տրված այդ նշանը տեսնելու․ դեռ էլի նշան կփնտրենք, դեռ էլի կհարցնենք այդ նշանի մասին, դեռ էլի կուզենանք նշան տեսնել, և մեզ համար նորից ու վերստին կհնչի նույն խոսքը, որը չի դադարել երկու հազար տարի․ «Չար և շնացող սերունդ․ այսքան նշան տվեցի ես ձեզ, այսքան ճանապարհով անցաք դուք, այսքան ժառանգություն ստեղծեցիք…այսքանը ոչնչացրեցիք, փչացրեցիք ու այս բոլորից հետո նորից նշա՞ն եք փնտրում»։ — Նշան մի՛ փնտրեք, որովհետև այդ նշանը փնտրելու պատասխանը դաժան է լինելու։ Նշանը արդեն իսկ կա․ այդ նշանի գոյությունը դուք եք, մենք ենք և Աստծո հետ ապրելու ցանկությունը»

Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Translate »